Մատչելիության հղումներ

Երևանի դատարանում այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․

Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Սահմանադրական դատարանը անցած շաբաթ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը, որը տարընթերցումների տեղիք տվեց․ ոմանք գտնում են, որ որոշումից հետո նախկին նախագահը պետք է ազատ արձակվի, և քրեական գործը պետք է դադարեցվի նրա նկատմամբ, մյուսներն էլ պնդում են, որ որոշումը չի ազդում խափանման միջոցի վրա:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատարանն այսօր պետք է քննի հենց նիստի մեկնարկին, «Ազատության» հետ զրույցում պնդեց նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նաև դատարանն է այդպիսի արձանագրում արել:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ ներկայացրեց՝ անհապաղ վերացնել մեղադրյալի կալանքը և քրեական հետապնդումն էլ դադարեցնել։ Ավելին, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել էին ապահովել, որ միջնորդությունները քննության առնվեն անհապաղ՝ չսպասելով այսօրվա նիստին, ինչը, սակայն տեղի չունեցավ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից բացի՝ այսօր դատարանի առջև են հավաքվելու նաև արդար դատաքննություն պահանջող ցուցարարներ, իրավապաշտպաններ:

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախկին նախագահն այսօրվա նիստին մասնակցելու է:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG