Մատչելիության հղումներ

Երևանի դատարանում այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․

Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Սահմանադրական դատարանը անցած շաբաթ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը, որը տարընթերցումների տեղիք տվեց․ ոմանք գտնում են, որ որոշումից հետո նախկին նախագահը պետք է ազատ արձակվի, և քրեական գործը պետք է դադարեցվի նրա նկատմամբ, մյուսներն էլ պնդում են, որ որոշումը չի ազդում խափանման միջոցի վրա:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատարանն այսօր պետք է քննի հենց նիստի մեկնարկին, «Ազատության» հետ զրույցում պնդեց նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նաև դատարանն է այդպիսի արձանագրում արել: «Մի քանի ընթացակարգային հարցեր սպառելուց հետո՝ շատ կարճ տևողությամբ <...>, պրոցեսուալ, բովանդակային բան չկա մեջը, առաջնահերթ այդ միջնորդությունը պետք է քննվի՝ այդպես է մեր օրենքի պահանջը՝ Քրեական դատավարության օրենսգրքի, ու նաև այդպես է աձանագրել տիկին Դանիբեկյանը իր դատական ակտով գործը դատաքննության նշանակելով, որի մեջ նշվել է, որ խափանման միջոցի հարցին առաջնահերթ անդրադառնալու է», - ասաց Խուդոյանը:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ ներկայացրեց՝ անհապաղ վերացնել մեղադրյալի կալանքը և քրեական հետապնդումն էլ դադարեցնել։ Ավելին, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել էին ապահովել, որ միջնորդությունները քննության առնվեն անհապաղ՝ չսպասելով այսօրվա նիստին, ինչը, սակայն տեղի չունեցավ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից բացի՝ այսօր դատարանի առջև են հավաքվելու նաև արդար դատաքննություն պահանջող ցուցարարներ, իրավապաշտպաններ: Ակցիան նախաձեռնած «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ անցած ամիսներին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունները ստվերել են բուն գործը, կատարված հանցագործությունը:

«Այս ընթացքում այդ գործը գոյություն չունի՝ Մարտի 1-ը, այդ ահաբեկչությունը, այսպես ասած, հանրության նկատմամբ, որին ես ներկա եմ եղել շատ դրվագներով, այդ սարսափելի, ողբերգական դեպքերը ուզում են մոռացության տան երևի Քոչարյանի համար անընդհատ միջնորդություններ անելով, անընդհատ ինչ-որ բաներ մոգոնելով, և բուն դատավարությունը մնացել է ուշադրությունից դուրս», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ալեքսանյանի համոզմամբ՝ Քոչարյանը խուսափում է դատավարությունից, դիմում է բոլոր հնարավոր միջոցներին, որ Մարտի 1-ի գործը չքննվի: «Ակնհայտ է, գիտե՞ք, էդ խուսափելը ամեն գնով՝ ստելով, ասենք, մենք շատ լսեցինք դատարանի դահլիճում, բացահայտ ստեր է ասում, այս ամեն ինչը արվում է՝ միայն և միայն նրան ազատություն դուրս բերելու: Եվ Քոչարյանը, այո, ուզում է, որ պուկ փախչի այդ ամեն ինչից, որևէ պատասխանատվություն չկրի, բայց մարդիկ հիշում են, չէ՞, ինչեր էր անում, ինչպես էր անում՝ էդ վրեժխնդրությունները, էդ պատմությունները, այսինքն՝ էդ անօրինական, ապօրինությունները ամբողջ իր իշխանության օրոք, և Մարտի 1-ը դա գլուխգործոցն էր», - ասաց իրավապաշտպանը՝ շեշտելով․ - «Դա հնարավոր չի, որ ինքը խուսափի պատասխանատվությունից, և չեմ հավատում, որ դատարանը կարող է այդ միջնորդությունը բավարարի, քանի որ գոյություն ունի քրեական գործ, գոյություն ունեն բազմաթիվ վկաներ, որ ինչ են տեսել, և ի վերջո՝ գոյություն ունեն այն զոհերը Մարտի 1-ի, և բոլորովին կարևոր չի, այժմ հայտնի չի, ասենք թե, ովքեր են սպանողները, բայց չէ՞ որ դա իր իշխանության, իր կառավարման ժամանակ է եղել, և ինքը պատասխանատու էր ամբողջությամբ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ի՞նչ է արել՝ մենք պետք է լսենք դատարանում Քոչարյանին, թե նա ինչ է բացատրելու, ինչ է ասելու»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ նախկին նախագահն այսօրվա նիստին մասնակցելու է:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG