Մատչելիության հղումներ

«Խաղում էինք հաղթանակի համար ու հասանք մեր նպատակին»


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաջողությունը, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2019թ.

Եվրո 2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում J խմբի մրցակիցներ Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև երկրորդ` Երևանում տեղի ունեցած շատ դրամատիկ խաղն ավարտվեց Հայաստանի ընտրանու հաղթանակով՝ 4:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ինչպես Իտալիայի ընտրանու դեմ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օրերս կայացած խաղում, երեկ էլ կարողացան արագ գոլ խփել` աչքի ընկավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մրցակցի պատասխանն էլ չուշացավ՝ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանի «Ռոմա»-ում ակումբակից Էդին Ջեկոն: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց։

Երկրորդ խաղակեսը տանտերերը ակտիվ սկսեցին և մի քանի լավ գրոհ անցկացրին, ի վերջո՝ խաղի 66-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մխիթարյանը, Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստները կրկին արագ պատասխանեցին: Սակայն Հայաստանի ընտրանու տղաները չընկճվեցին ու ևս մեկ գոլ խփեցին՝ այս անգամ էլ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Հովհաննես Համբարձումյանը, մրցավարի ավելացրած ժամանակում տանտերերը մեծացրին առավելությունը, և հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ զրույցում իր ուրախությունն արտահայտեց: «Ցանկությունը, էս մեր ժողովրդի էս, էս հույսը չկորավ, էլի: Ասենք, նայեք, Իտալիայի խաղին էլ նույնը փորձեցինք, բայց ինչ-ինչ պատճառներով չեղավ: Շատ ուրախ եմ, որ բոլորիս, բոլորիս ցանկությունը մեկ եղավ, ու տղաները անմնացորդ նվիրվեցին, խաղացին մեկը մյուսի համար, ու հաղթեցինք», - հայտարարեց նա:

Գյուլբուդաղյանցն ասաց՝ տղաները մոտիվացիայի պակաս չունեին: «Եթե հիշում եք, Հունաստանում էլ մենք հաղթեցինք, երկրորդ խաղակեսում, այո: Տղաները հանդերձարանում էլ մեկը մյուսին ոգևորում էր, ասում էր, որ «չկանգնենք, մենք պետք ա սենց խաղերին ցույց տանք մեր բնավորությունը», և փառք Աստծո՝ ստացվեց», - ասաց մարզիչը:

Խաղից հետո հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը նույնպես իրենց տպավորությունները ներկայացրեցին:

Իտալիայի ընտրանու դեմ խաղում եզրային անցումներով աչքի ընկած Կամո Հովհաննիսյանն ընդգծեց՝ սխալներ կային, բայց «լավ պահերը ավելի շատ էին, դրա համար էլ կրեցինք»: «Թեթև վերջը վնասվածք ստացա, որոշեցի թիմին, ոնց որ ասած ռուսերեն՝ պադվադիտ չանել, ուրիշ, այլ խաղ լիներ, կարող ա և մնայի դաշտում, բայց չէի ուզում կիսատ խաղայի, դրա համար փոփոխություն մտցրեցին», - ասաց Հովհաննիսյանը:

Երկրորդ խաղակեսում դաշտի կենտրոնում Կառլեն Մկրտչյանին փոխարինած Արտակ Գրիգորյանն էլ ասաց․ - «Շատ բարձր ա տրամադրությունը, հույսով եմ՝ մեր հանդիսականին էլ դուր եկավ, մեր հայ ազգին դուր եկավ էսօրվա խաղը: Ցավում եմ Իտալիայի պարտությունից, բայց էսօր մենք ապացուցեցինք, որ արժանի էինք հաղթանակի, ու ամեն ինչով արժանի էինք էսօր»:

Ըստ էության խաղի հաղթական գոլի հեղինակ Հովհաննես Համբարձումյանն էլ նշեց․ - «Արեցինք ամեն ինչ, որ հասնեինք հաղթանակի, խաղում էինք հաղթանակի համար ու հասանք մեր նպատակին, որովհետև հաղթանակը կարևոր էր հետագա խմբային փուլը, ոնց որ ասած՝ մնայինք մրցակցության մեջ, հասանք մեր նպատակին»:

Խաղի ընթացքում մի քանի անգամ Հայաստանի ընտրանուն փրկեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Նա կոչ արեց միշտ ազգային հավաքականի կողքին լինել: «Ուզում եմ, որ բոլորը մինչև վերջ մեզ հավատան: Մենք բոլորս խաղում ենք ազգի, այլ ոչ մեկ այլ բանի համար: Իմ խաղի մասին ասեմ՝ շատ ծանր էր, Պյանիչի դեմ խաղալը բարդ էր: Էմոցիաներս շատ են: Հասկանո՞ւմ եք, ինչ կարողանում եմ՝ անում եմ: Շնորհավորում եմ բոլորին», - ասաց Հայրապետյանը:

Գևորգ Ղազարյանն էլ շեշտեց՝ հաղթանակը շատ կարևոր էր: «Բոլորս շատ ուրախ ենք՝ ինչպես երկրպագուները, այնպես էլ՝ մենք: Շատ ուրախալի էր արդյունքը առաջին հերթին, քանի որ ամեն ինչ արեցինք դրա համար, մաքսիմումը փորձեցինք անել, ու ստացվեց», - ասաց նա:

Սարգիս Ադամյանն էլ ասելիք ուներ․ - «Շատ լավ խաղ էր: Երկրորդ տայմում շատ լավ սկսանք, գոլը խփեցինք, էլի գոլ կերանք, բայց հետո էլի հավաքվեցինք, ամեն ինչ արեցինք, որ հաղթանակը Հայաստանում մնա, ու գազ տվեցինք»:

XS
SM
MD
LG