Մատչելիության հղումներ

Եվրո-2020-ի ընտրական մրցաշար. Հայաստանը հաղթեց Բոսնիա-Հերցեգովինային և կրկին 3-րդ տեղում է


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաջողությունը, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2019թ.

Մխիթարյանը երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն և 9 միավորով վերադարձավ J խմբի աղյուսակի երրորդ հորիզոնական:

Կիրակի օրը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում անցկացված հանդիպման հաշիվը արդեն 3-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 10 րոպե անց Էդին Ջեկոն վերականգնեց հավասարակշռությունը, 66-րդ րոպեին Մխիթարյանը կրկին առաջ մղեց իր թիմին, սակայն 70-րդ րոպեին Ամեր Գոյակը նորից հավասարեցրեց հաշիվը: Այդուհանդերձ, 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը երրորդ գնդակն անցկացրեց հյուրերի դարպասը, իսկ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին Մխիթարյանի սուր անցումից հետո Ստիպե Լոնչարը սխալվեց և գրավեց սեփական դարպասը:

Սեպտեմբերի 5-ին Իտալիային 1:3 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել էր մրցաշարային աղյուսակում, սակայն այժմ վերստին երրորդն է՝ անկախ խմբում այսօր կայանալիք մյուս երկու հանդիպումների ելքից:

Հայաստանի ընտրանուն Ֆեյսբուքում շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

J խմբի առաջատարը Իտալիան է, որը 15 հնարավորից նույնքան միավոր ունի, երկրորդ տեղում Ֆինլանդիան է՝ 12 միավորով, Բոսինա և Հերցեգովինան 7 միավորով չորրորդն է, Հունաստանը 4 միավորով՝ հինգերորդը, և աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավորներ չունի: Այսօր ուշ երեկոյան խմբում տեղի կունենան Ֆինլանդիա-Իտալիա և Հունաստան-Լիխտենշտեյն հանդիպումները:

Հաջորդ երկու տուրերում Հայաստանը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիային:

XS
SM
MD
LG