Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը


Ուկրաինա - Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողության ժամանակ, Կիև, 20-ը մայիսի, 2019թ․

Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այսօր երկրի օրենսդիր մարմնում՝ Գերագույն ռադայում տեղի ունեցավ Ուկրաինայի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը:

Նախագահի պաշտոնում իր առաջին իսկ ելույթի ընթացքում Զելենսկին հայտարարեց խորհրդարանը ցրելու մտադրության մասին: Գերագույն ռադայում այս պահին մեծամասնություն են կազմում Ուկրաինայի հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոյի աջակիցները:

«Մարդիկ հոգնել են փորձառու, համակարգային, փքված քաղաքական գործիչներից: Մենք կկառուցենք հնարավորությունների երկիր, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, որտեղ գործում են արդար, թափանցիկ խաղի կանոններ, իսկ դրա համար պետք է գան մարդիկ, ովքեր կծառայեն ժողովրդին», - այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է նախագահ Զելենսկին: Նա պատգամավորներին կոչ է արել մինչև մանդատները թողնելը, սակայն, մի շարք օրենքներ ընդունել՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման, ապօրինի հարստացման, ընտրությունների մասին, ինչպես նաև պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, Անվտանգության ծառայության ղեկավարին և պաշտպանության նախարարին: «Դուք դրա համար ունեք երկու ամիս», - նշել է Վլադիմիր Զելենսկին:

Խորհրդարանը ցրելու մասին հրամանագիրը այսօր ստորագրելու դեպքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսին ՝ հոկտեմբերին նախատեսված հերթական ընտրությունների փոխարեն:

Կատակերգու դերասան, քաղաքական փորձառություն չունեցող 41-ամյա Զելենսկին նախագահի պաշտոնում իր գլխավոր խնդիրը համարում է Դոնբասում հրադադար հաստատելը: «Մենք չէ, որ սկսել ենք այդ պատերազմը, բայց մենք պետք է վերջ դնենք այդ պատերազմին, և մենք պատրաստ ենք երկխոսության, բայց իմ համոզմամբ՝ այդ երկխոսության առաջին քայլը պետք է դառնա բոլոր ուկրաինացի գերիների վերադարձը», - հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:

Նրա խոսքով՝ հաջորդ մարտահրավերն էլ կորցրած տարածքների վերադարձն է: «Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը ուկրաինական տարածքներ են», - պատգամավորների ծափահարությունների ներքո հայտարարել է Զելենսկին: Ընդ որում, Ռուսաստանի մասնակցությամբ հակամարտության մասին խոսելիս նա ուկրաիներենից անցել է ռուսերենի: Ռուսերենով է նաև հայտարարել, որ պետք է վերադարձնել Ուկրաինայի արևելքի բնակիչների գիտակցությունը, որոնց համար, ըստ նախագահի, վերջին տարիներին իշխանությունները ոչինչ չեն արել:

«Սիրելի ժողովուրդ, նախկինում ես փորձում է անել ամեն ինչ, որպեսզի ուկրաինացիները ծիծաղեն, հաջորդ հինգ տարվա ընթացքում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դուք չարտասվեք», - խոստացել է նախագահ ընտրված նախկին շոումենը:

«Ընտրություններում հաղթելուցս հետո վեցամյա որդիս ասաց՝ «հայրիկ, ասում են՝ Զելենսկին նախագահ է, ուրեմն ես է՞լ եմ նախագահ»: Այդ պահին դա ընկալվեց որպես կատակ, իսկ հիմա ես հասկանում եմ, որ դա կատակ չէ: Սա ոչ թե իմ, այլ մեր բոլորիս հաղթանակն է, բոլորիս հնարավորությունը: Մենք բոլորս միասին ենք պատասխանատվություն կրում, և միայն ե՛ս չեմ երդվել, այլ՝ մեզնից յուրաքանչյուրը», - հայտարարել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Ես ուզում եմ, որ ձեր աշխատասենյակներում չկախեք իմ դիմանկարները: Նախագահը սրբապատկեր չէ: Կախեք այնտեղ ձեր երեխաների լուսանկարները և յուրաքանչյուր որոշում կայացնելիս նայեք նրանց աչքերի մեջ»:

Ուկրաինայի հեռացող նախագահից մոտ երեք անգամ ավելի քվե ստացած Վլադիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնը ստանձնելուն պես լծվել հակակոռուպցիոն մարմիններում, դատական համակարգում, իրավապահ կառույցներում բարեփոխումներ իրականացնելուն: Նորընտիր նախագահը խոստացել է նաև Ֆինանսական հետաքննությունների ծառայություն ստեղծել:

Ուկրաինայի նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը ներկա էին արտասահմանյան պաշտոնական պատվիրակություններ՝ Միացյալ Նահանգներից, Եվրամիության անդամ երկրներից, հարևան Բելառուսից, Հայաստանից ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ուկրաինայի բոլոր նախկին նախագահները՝ բացառությամբ Եվրամայդանից հետո հայրենիքից Ռուսաստան փախուստ կատարած Վիկտոր Յանուկովիչը:

Սա երկրի պատմության ընթացքում նախագահի 7-րդ երդմնակալությունն է: Լեոնիդ Կուչման նախագահ է ընտրվել երկու անգամ՝ 1994 և 1999 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG