Մատչելիության հղումներ

Արման Ավետիսյան․ Մինասի որմնանկարների խնդիրը լուծված է


«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, արխիվ:
«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, արխիվ:

Գյումրիի արտադրական տարբեր ձեռնարկություններում և այլ հաստատություններում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները մեծապես տուժել էին 1988-ի երկրաշարժից, որից շուրջ 10 տարի անց Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ դրանց վերականգնման աշխատանքներին՝ Իտալիայից հատուկ մասնագետներ հրավիրելով:

Դեռ անցյալ տարի Մինաս Ավետիսյանի որդին, «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն, Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ահազանգում էր, որ ոչնչացման եզրին է հայտնվել Մինասի «Գիշեր» կոչվող որմնանկարը, որը գտնվում է Գյումրիի փլուզված գործարաններից մեկում: Նա դիմել էր Մշակույթի նախարարություն՝ ֆինանսներ հատկացնելու ակնկալիքով և արձագանքի չէր արժանացել:

Եվ ահա պարզվում է, որ որմնանկարը վերականգնված է և մեկ ամիս անց այն կներկայացվի Նոր Նորքում բացվելիք «Արմենիա» մեգամոլում, որտեղ առանձին տարածք է հատկացվել որմնանկարի համար: Այդ տարածքը պարբերաբար ծառայելու է նաև որպես այլ գեղանկարիչների ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրավայր:

Այս մասին հայտարարեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Ավետիսյանը, «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Փաշինյանն ու «Արմենիա» մեգամոլ նախագծի համահեղինակ Արտակ Մխիթարյանը:

Հենց Մխիթարյանն է արձագանքել որմնանկարի ոչնչացման հետ կապված հիմնադրամի տարածած ահազանգին և վճռել համատեղ ուժերով փրկել այն: 20 մլն դրամից ավելի գումար է ծախսվել և ինչպես շեշտում էր Արտակ Մխիթարյանը Մինասի որմնանկարի փրկությունը ստանձնել է հիմնականում «Արմենիա» մեգամոլի տնօրինությունը․ - «Սեփականատեր «Ալեքսանյանների ընտանիք» հասարակական կազմակերպությունը: Հիմնական հովանավորչությունն իրենց կողմից է եղել»:

Լիլիթ Փաշինյանը նշեց, որ «Գիշեր» որմնանկարը ամենավնասվածներից մեկն էր․ - «Որևէ մեկը «Գիշեր»-ի վրա չէր ուզում ներդրում անել: Ես չհաշտվեցի այդ մտքի հետ և որոշեցի որևէ նախաձեռնություն սկսել: Խորհրդակցելով ընկերուհուս հետ, որը ֆոնդերի հավաքագրման մասնագետ է, մենք էջ բացեցինք: Այդպես այդ արշավը սկսվեց, այդտեղից էլ պարոն Մխիթարյանը տեսել էր: Գուցե մարդկանց մոտ ինչ-որ զգացողություններ լինեն՝ առևտրի կենտրոն, որմնանկար, ինչպես առաջին անգամ ինձ մոտ եղավ: Սակայն ծանոթանալով նախագծին, տեսնելով եռաչափ պատկերը, թե ինչպես պետք է դա լինի, բոլոր կասկածներս մի կողմ դրվեցին: Եվ դա շատ ողջունելի է, որովհետև իրոք բոլորը կտեսնեն որմնանկարը, խնդիր չեն ունենա ինչպես մյուս հաստատություններում ունենք որմնանկարներ, որտեղ չենք կարողանում մտնել տեսնել»:

«Ազատության» հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարների խնդիրը լուծված է, դրանք վերականգնված են և պահպանված, Արման Ավետիսյանն արձագանքեց․ - «Ուրախությամբ ասեմ, որ մեծ հաշվով Մինաս Ավետիսյանի որմնանկարների խնդիրը լուծված է: Հանգիստ կարող ենք փոխանցել ապագա սերունդներին: Մենք ունենք մեկ կորուստ երկրաշարժի ժամանակ, մնացած բոլոր դեպքերում Մինասի որմնանկարները ամբողջական փրկված են: Թվով տասնմեկ որմնանկարներ են, որոնցից երկուսը գտնվում են Երևանում, Վերաքննիչ դատարանի շենքում և հրաշալի պահպանված են: Լավ վիճակում է նաև Շիրակի մարզի Ազատան գյուղում գտնվող որմնանկարը: Այնտեղ կա մասնակի վերանորոգման կարիք: Երկուսը Երևանի օդանավակայանում են գտնվում, երկուսը գտնվում են կառավարության թիվ մեկ շենքում: Մեկ որմնանկար գտնվում է Գյումրիի քաղաքապետարանի շենքում»:

«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Ջաջուռի թանգարանին՝ Արման Ավետիսյանն ասաց․ - «Ամենալավ նորությունը, որ այս պահի դրությամբ կարող եմ ասել, դա այն է, որ Մինասի հայրական տունը, որտեղ ինքը ծնվել է, որը կիսաքանդ վիճակում է 88 թվականից, այժմ կա նախաձեռնություն Քաղշինի կողմից նաև: Հենց հիմա նախագծի վրա են աշխատում: Մենք ընտանիքով որոշել ենք անել դա որպես հյուրատուն Հայաստան եկող հանրահայտ նկարիչների և արվեստի գործիչների համար, որոնք հնարավորություն կունենան Մինասի արվեստանոցում աշխատել, Մինասի տանը ապրել»:

XS
SM
MD
LG