Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահում բացվել է «Հին և բոլորովին նոր Մինասը» հոբելյանական ցուցահանդեսը


Մինասի ավագ որդին՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-րդ՝ հոբելյանական տարեդարձն է:

«Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պիտի լինի», - Մինաս Ավետիսյանի այս խոսքերը ամփոփված են նրա թողած ժառանգության յուրաքանչյուր ստեղծագործության մեջ:

Մեծ գեղանկարչի բացառիկ ազնիվ հայացքը արտացոլված է իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, իսկ այդ ստեղծագործությունների մեծ մասն այս օրերին համահավաք ներկայացված է Ազգային պատկերասրահում բացված մի հրաշալի ցուցահանդեսում՝ նվիրված Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին՝ «Հին և բոլորովին նոր Մինասը» խորագրի ներքո:

Ազգային պատկերասրահի չորս դահլիճներում ներկայացված են Մինասի ավելի քան ստեղծագործությունները, որոնք բերվել են նաև այլ թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից: Սա մեծ իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի վերջը:

«Ժառանգությունը մեծ է, այդ ժառանգությունը գնահատելը դժվար է՝ կարևորության իմաստով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասի ավագ որդին՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը: - «Սա ազգի հարստությունն է, և ես ուրախ եմ, որ մեր ժողովրդի մեջ այդ զգացողությունը այնքան ուժեղ է նստած, մեծ սիրով են գալիս, մեծ ոգևորություն եմ տեսնում մարդկանց մեջ»:

1928 թվականի հուլիսի 20-ին է ծնվել Մինաս Ավետիսյանը Շիրակի Ջաջուռ գյուղում, որը հետո նրա արվեստի երկրպագուների և արվեստագետ ընկերների համար պիտի ուխտատեղի դառնար: Այնտեղ պիտի ի վերջո վեր հառներ նաև մեծ գեղանկարչի թանգարանը, որը Սպիտակի երկրաշարժից հետո ամբողջովին քանդվեց, բայց ի վերջո վերակառուցվեց և իր դռները բացեց այցելուների համար:

Թանգարանի վարիչը՝ Արման Ավետիսյանը մեր զրույցի ընթացքում ցավով նշում էր՝ թանգարանը մինչև այժմ ջեռուցում չունի և դա շատ վատ ազդեցություն կարող է ունենալ այնտեղ պահվող ստեղծագործությունների վրա:

Իսկ Ջաջուռում գտնվող այն տունը, որտեղ ծնվել, մեծացել և ապրել է գեղանկարիչը մինչև այժմ ամբողջովին փլուզված, շատ տխուր վիճակում է:

«Շատ կարևոր եմ համարում Մինասի տան վերականգնումը՝ դա շատ կարևոր է: Դա ինքն իրենով հա՛մ հուշարձան է, հա՛մ կարող է վերածվել մի վայրի, ուր արվեստագետները կարող են գալ, այնտեղ ապրել, ստեղծագործել», - մեզ հետ զրույցում ընդգծեց Արման Ավետիսյանը: - «Շատ վատ, կիսաքանդ վիճակում է․․․ հաշվարկները արել էինք, կարելի է վերականգնել»:

Տարիներ առաջ Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ Միանսի որմնանկարների փրկության գործին՝ դրանց մեծ մասը վերականգնվեց, բայց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը կրկին ահազանգում է, որ առնվազն մի քանի որմնանկար շատ շտապ պետք է վերականգնել, այլապես հետո փրկել հնարավոր չի լինի:

Արման Ավետիսյանը և հիմնադրամի աշխատակիցները դիմել են Մշակույթի նախարարին հանդիպելու և ներկայացնելու խնդիրը, բայց մեկ ամսից ավելի ժամանակ է անցել և առայժմ որևէ պատասխան չեն ստացել:

Բոլորովին վերջերս նրանք ասուլիս էին հրավիրել՝ հույս ունենալով գոնե մամուլի միջոցով իրենց խնդիրը լսելի դարձնել մշակույթի նախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG