Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանն իրավունք չուներ հասարակությանը զրկել դատաքննության փուլ մտնելու հնարավորությունից. Անդրանիկ Քոչարյան


Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր «Ազատություն» հետ զրույցում արձագանքեցին Սահմանադրական դատարանի հրապարակած Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումանը։

Խոսք չի կարող գնալ խափանման միջոցի փոփոխման մասին. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Ազատություն». – Պարոն Սիմոնյան Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, այսպիսով 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, որը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հիմքերին, իսկ 135-րդ հոդվածի երկրորդ մասը, որը վերաբերում է կալանքին, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց, Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, արդյո՞ք սա նշանակում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է կասեցվել, կարճվել, դադարեցվել։

Սիմոնյան. – Սահմանադրական դատարանը 135-րդ հոդվածի 2-րդ մասը չի ճանաչել հակասահմանադրական, այսինքն խոսք չի կարող գնալ խափանման միջոցի փոփոխման մասին, բայց այնուամենայնիվ մենք պետք է սպասենք ամբողջական տեքստի հրապարակմանը, որ դրա մասին ասում են բոլոր կողմերը, որոնք որ այս գործի հետ կապված մեկնաբանություններ են անում։ Այս փուլում որևիցե ավել մեկնաբանություն անել այսօրվա հրապարակված որոշման հետ կապված ճիշտ չի ոչ իրավաբանորեն, ոչ էլ բոլոր առումներով, որովհետև կարող է այնպես ստացվել, որ հակառակ մեկնաբանությունը լինի։

«Ազատություն». – Իսկ եթե հանկարծ պարզվի, որ իսկապես Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ քերական հետապնդումը պետք է դադարեցվի Քոչարյանի նկատմամբ, սրանից հետո որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերը։

Սիմոնյան. – Ես չեմ կարող ապրիորի ինչ-որ բաների մասին խոսել, երբ որ կլինի այդ ժամանակ կքննարկենք և վերջիվերջո ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական գնահատականներ կարող եմ տալ, իսկ այս փուլում քրեական գործին քաղաքական գնահատական տալը անշնորհակալ գործ է։

«Ազատություն». – Այսինքն Դուք սպասում եք ամբողջական տեքստին ծանոթանաք, հետո եզրակացություններ անեք։

Սիմոնյան. – Նաև դրան, ինչպես նաև, կարծում եմ, մեկնաբանություններ և հայտարարություններ կլինեն Դատախազության կողմից, Հատուկ քննչականի կողմից։

«Ազատություն». - Այս որոշումը զուտ իրավական եք դիտարկում, պարոն Սիմոնյան, թե՞ նաև սա քաղաքական որոշում է և եթե հետագայում էլ հասկանաք, թե սա ինչի է հանգեցնելու, դա քաղաքական հետևանքներ է նաև բերելու։

Սիմոնյան. – Այն խնդիրը, որը առկա է դատական համակարգում, բնական է՝ իր ստվերը նետելու է այս որոշման վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով այստեղ ասելիքը կարող է շատ ավելի ուշ ստիպված լինենք վերաձևակերպել։ Այսինքն Հրայր Թովմասյանի պարագայում ես անկեղծ ասած վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահություն չունեն Սահմանադրական դատարանի այսօրվա գործող նախագահի նկատմամբ և ընդհանրապես իր գործողությունների։

Չենք մոռանում, որ Հրայր Թովմասյանը եղել է այն մարդը, որը Մարտի 1-ի շնորհիվ եկել է իշխանության, ինքը էն մարդն է, որը փաստացի Մարտի 1-ի դեպքերի իրավահաջորդն է հանդիսացել և դրա շնորհիվ դարձել է թե՛ պատգամավոր, դրա շնորհիվ դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ և այլն։ Նա չէր կարող հանդիսանալ մի մարդ, որը էդ իրադարձությունների հետ կապված այսօր որոշում պետք է կարդար և իր նկատմամբ վստահության կատարյալ բացակայություն գոյություն ունի այսօր թե՛ ինձ մոտ որպես Ազգային ժողովի պատգամավոր, թե՛ հանրության մոտ, ես դա պնդում եմ։

Պետք է հասկանանք Հրայր Թովմասյանը և դատարանի անդամները, իրավասո՞ւ են այսպիսի որոշում կայացնել. Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

«Ազատություն». – Պարոն Քոչարյան, եթե այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, Դուք նման զարգացում հնարավոր համարո՞ւմ եք, որ այս որոշման արդյունքում կարո՞ղ է նման զարգացում լինել։

Քոչարյան. – Ընդհանրապես այս որոշման հետ առնչվող որևէ զարգացում չէի էլ պատկերացնում, այն առումով, որ էսպես էլ պարզ չեղավ Սահմանադրական դատարանում դատավորնե՞ր են, թե՞ անդամներ։ Վերջին հաշվով Վահե Գրիգորյանը մի քանի օր առաջ հանդես եկավ բանով, որ դատավորներից մի քանիսը առնչություն են ունեցել Մարտի 1-ի գործին և իրենք այս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թևի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված Սահմանադրական դատարան գանգատը, բողոքը պարզապես իրավունք չունեն իրենք որպես անդամ նույնիսկ քննարկեին հիմա, բայց դա տեղի ունեցավ։ Դա նշանակում է՝ դա ինչ-որ իրավական և ոչ իրավական շղթայի շարունակություն էր, որը, բնականաբար, վերլուծության կարիք ունի։ Հիմա 35-ը սահմանադրական է, թե սահմանադրական չէ, էդ նոր պարզվեց փաստորեն, նախկինում անդամները ի վիճակի չէին դա պարզեին, դա ըստ էության կապվում է նաև քրեական գործի հետագա ընթացքի հետ։

«Ազատություն». – Դիմում է եղել, հիմա կոնկրետ պարզել են։

Քոչարյան. – Պարզել են, հիմա էդ պարզողներն իրավասու են, թե՞ չէ, խնդիրը դրա մեջ է։

«Ազատություն». – Պարոն Քոչարյան, նման զարգացում հնարավոր համարում եք, որ ի վերջո կարող է սա հանգեցնել Քոչարյանի դեմ հետապնդումը դադարեցնելու։

Քոչարյան. – Հրայր Թովմասյանի պարագայում ցանկացած զարգացում ես հնարավոր կարող է համարեի, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Նույնիսկ Հրայր Թովմասյանը այս պահին իրավունք չուներ Հայաստանի հասարակությանը զրկել նորմալ դատքննության փուլ մտնելու հնարավորությունից։

«Ազատություն». – Հիմա զրկվա՞ծ է։

Քոչարյան. – Ես չգիտեմ։ Սա, ըստ էության, պետք է ոչ միայն պարզաբանվի, այլ պետք է նախ հասկանանք Հրայր Թովմասյանը և դատարանի անդամները, որոնք դատավոր չեն իրավասո՞ւ են այսպիսի որոշում կայացնել, թե ոչ։ Ամբողջ բանալին դրա մեջ է լինելու։

Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG