Մատչելիության հղումներ

Վլադիմիր Վարդանյան․ «Չեմ ընդունում քննադատությունը, որ Ազգային ժողովը անելիք ուներ և չի արել»


ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Ազատության» տաղավարում, Երևան, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի ընդունում այս օրերին հնչող քննադատությունը, որ խորհրդարանը Սահմանադրական դատարանի հարցում անելիք ուներ և չի արել: Նա «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Դուք ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ խորհրդարանի անգործության հետևանքով է այսօր Սահմանադրական դատարանը շարունակում որոշումներ արձակել հին կազմով:

Վլադիմիր Վարդանյան․ - Բացարձակապես ոչ: Խնդրում եմ բացեք Սահմանադրությունը, անդրադարձեք Ազգային ժողովի լիազորություններին և ասեք՝ ո՞ր լիազորության շրջանակներում Ազգային ժողովը անելիք ուներ և չի արել:

«Ազատություն»․ - Առաջադրել նոր թեկնածուներ:

Վարդանյան․ - Առաջադրումը իրականացնում են սահմանադրական մարմինները՝ նախագահը, Կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը, Ազգային ժողովը որևիցե թեկնածու չի առաջադրում՝ ընտրում է համապատասխան առաջադրման առկայության պարագայում: Ըստ Սահմանադրության՝ Կառավարության հերթն է:

«Ազատություն»․ - Կամ որպես քաղաքական մարմին հայտարարությամբ անվստահություն հայտնել, և այլն:

Վարդանյան․ - Ախր, դա Կառավարություն չի, Ազգային ժողովը իհարկե իրավասու է անել ցանկացած հայտարարություն, այդ թվում՝ քաղաքական հայտարարություն, և չեմ բացառում, որ նման հայտարարություն անելու կարիք կարող է և լինել, բայց տվյալ պարագայում, եթե մենք անդրադառնում ենք իրավասությունների հարցին, լիազորությունների հարցին, ապա ես չեմ ընդունում այդ քննադատությունը, որ Ազգային ժողովը անելիք ուներ և չէր արել: Այս ամբողջ գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, ըստ էության, գտնվում էին արձակուրդի մեջ օրենքով սահմանված կարգով: Կանոնակարգ օրենքը սահմանում է հստակ պահանջ՝ երբ և ինչպես պետք է Ազգային ժողովի պատգամավորները մեկնեն արձակուրդ, որ ժամանակահատվածում:

«Ազատություն»․ - Դուք համամի՞տ եք վարչապետի հետ, որ ճգնաժամ կա Սահմանադրական դատարանում, որը պետք է արագ հանգուցալուծել:

Վարդանյան․ - Ես համամիտ եմ, որ ճգնաժամը ձևավորվում է և այդ ճգնաժամը ընդհանրապես բացասական անդրադարձ է ունենում ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ՝ ոչ միայն Սահմանադրական դատարանի նկատմամբ, և, իհարկե, ցանկացած ճգնաժամի արագ հանգուցալուծումը միայն և միայն օգտակար է և հօգուտ կարող է լինել Հայաստանի Հանրապետությանը:

«Ազատություն»․ - Բայց գնդակը այս պահին խորհրդարանի դաշտում չէ դա անելու համար:

Վարդանյան․ - Տեսեք, խորհրդարանի դաշտում գնդակը կարող է հայտնվել խորհրդարանական լիազորությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարությանը, ես ասում եմ՝ դա քաղաքական հայտարարություն է, չի բացառվում, որ խորհրդարանը ինչ-որ մի հարցի հետ կապված ինչ-որ մի պարագայում ինչ-որ մի հայտարարություն անի:

«Ազատություն»․ - Կարո՞ղ են իշխանության այլ ճյուղեր չկատարել Սահմանադրական դատարանի որոշումը՝ այն համարելով անօրինական, ինչպես փաստաբան Տիգրան Եգորյանն էր պնդում:

Վարդանյան․ - Այսպես ասեմ՝ նախ և առաջ անհրաժեշտ է փաստել՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումը արդյունք է Սահմանադրական դատարանում քննարկված, Սահմանադրությանը համահունչ քննարկումների, թե՞ այն իրոք ապօրինի է, և դրանից հետո նոր անդրադառնալ այդ հարցին:

«Ազատություն»․ - Եթե ապօրինի՞ է:

Վարդանյան․ - Ցանկացած ապօրինի որոշում, ցանկացած ապօրինի իրավական ակտ, որպես այդպիսին, չի կարող կատարվել: Բայց այս պահի դրությամբ, տեսեք, զերծ եմ մնում ցանկացած մեկնաբանությունից՝ որոշման հետ կապված, քանի դեռ չեմ տեսել որոշումը, որովհետև որոշումը դա ոչ միայն եզրափակիչ մասն է, որոշումը դա որոշումն է ամբողջությամբ՝ առաջին տառից մինչև վերջին ստորագրությունը կամ վերջին տառը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG