Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու հերթական միջնորդությունը մերժվեց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու հերթական միջնորդությունն այսօր մերժվեց։ Փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը անազատության մեջ գտնվելով «էլ ավելի է վատանում»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանական կողմն այսօր մեկ այլ միջնորդությամբ ևս հանդես եկավ։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց՝ 2 ամիս է, ինչ Մանվել Գրիգորյանին Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ձևավորված հանձնաժողովի աշխատանքների «վերջը չի երևում»։ Իսկ այդ ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է։ Բաղդասարյանը հորդորեց դատավորին օրենքի սահմաններում միջամտել, որպեսզի փորձաքննությունն արագացվի: - «Ես ակնկալում եմ, որ դատարանն իր դիրքորոշումը կհայտնի դրա հետ կապված», - նշեց պաշտպանը:

Դատարանը մերժեց միջնորդությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց. փորձաքննությունը ընթացքի մեջ է, պատշաճ ընթացակարգով իրականացվում է, փորձաքննությանը խոչընդոտող որևէ խնդիր այս պահին դեռևս հայտնի չէ դատարանին և հիմնավոր փաստեր չկան, որ հանձնաժողովը անգործության է մատնվել:

Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարում է Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Կազմում ընդգրկված են նաև Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկ Հարություն Հեքիմյանը։ Նախորդ նիստին պաշտպանական կողմի միջնորդությամբ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկվեց բժիշկ Նորբերտ Ավետյանը, ով աշխատում է Ֆրանսիայում։ Ուռուցքաբան Ավետյանը 8 տարի բուժել է Մանվել Գրիգորյանին։

Նախկին պատգամավորն այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG