Մատչելիության հղումներ

Վրաստանում քննարկում են ՆԳ նախարարի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում


Վրաստան - Արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձե (աջից), ՆԳ նախարար Գիորգի Գախարիա
Վրաստան - Արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձե (աջից), ՆԳ նախարար Գիորգի Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում կնշանակի, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը դառնում է հունիսի 20-ի և մի շարք այլ աղմկահարույց իրադարձությունների մասնակից, հայտարարել է ընդդիմադիր գործիչ, պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին՝ մեկնաբանելով ակտիվորեն շրջանառվող լուրերը:

Նախօրեին, հիշեցնենք, մեկ տարուց քիչ ավելի պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ առանց պարզաբանելու իր որոշման պատճառները:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո պորտֆելները թողնում են նաև նախարարարները՝ ժամանակավորապես պաշտոնավարելով մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի և կառավարության հաստատումը, ինչի համար օրենսդիր մարմինը ունի երկու շաբաթ ժամանակ:

Առաջիկա ժամերին Վրաստանի իշխող ուժը կհրապարակի երկրի նոր` 14-րդ վարչապետի անունը: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր թեկնածուն սկանդալային նախարար Գիորգի Գախարիան է, ում հրաժարականը հունիսից ի վեր պահանջում են բազմահազարանոց ցույցերի մասնակիցները: Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից: Գախարիան խոստովանել էր՝ ինքն է տվել ցուցարարներին կոշտ ուժի կիրառմամբ ցրելու հրամանը:

«Եթե խորհրդարանը նման որոշում ընդունի [հաստատի Գախարիայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում], ապա դա կհանգեցնի խորհրդարանական ընտրությունների: Այդ տարբերակներից և ոչ մեկը լավ չէ, և երկու դեպքում էլ կհաղթի Իվանիշվիլին: Ինչպես երևում է, թիմում չկա միասնական դիրքորոշում և կոնսենսուս, այդ պատճառով կադրային փոփոխությունների մասին մենք տեղեկանում ենք վաղը, վաղը չէ մյուս օրը և այդպես շարունակ», - մեկնաբանելով վարչապետի հրաժարականն ու Գախարիայի հնարավոր թեկնածությունը՝ նշել է Խիդաշելին: Նախկին նախարարի խոսքով՝ Բախտաձեն առաջին վարչապետն է, «ով եկավ և գնաց այնպես, որ ժողովուրդը նույնիսկ չմտապահեց նրա անունն ու ազգանունը»:

«Գիրչի» քաղաքական ուժի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի կարծիքով՝ Իվանիշվիլին Գախարիայից բացի այլ թեկնածու չունի: «Իվանիշվիլիին պետք է այնպիսի առաջնորդ, որը կուսակցությունը կհասցնի սպասվող խորհրդարանական ընտրություններ: Նա մեծ ընտրություն չունի՝ կա՛մ ինքը պետք է դուրս գա և դառնա առաջնորդ, ինչն իմ կարծիքով հավանական է, կա՛մ ասպարեզ կհանի մեկին, ով ունի ինչ-ինչ որակներ», - հայտարարել է Ջափարիձեն:

Մեկնաբանելով «Վրացական երազանք» կուսակցության իշխանության օրոք արդեն չորրորդ վարչապետի հրաժարականը, մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ ՝ «Եվրոպական Վրաստան»-ի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է՝ «հրաժեշտի բարձրագոչ մահախոսական»: «Արժեզրկված լարի, թանկացած կյանք, պետական ծախսերի աճ, «Գավրիլովի գիշերը»՝ կարճ այն մասին, թե ինչպես կհիշվի Բախտաձեի կառավարությունը», - ասել է Բաքրաձեն:

XS
SM
MD
LG