Մատչելիության հղումներ

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել


Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյան
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյան

Օրերս Infocom.am-ը պարզել էր, որ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են:

Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանին անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է:

Այս բացահայտմանը հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ELARD ընկերության հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսը, որտեղ վարչապետն անակնկալի եկավ, երբ տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն ELARD-ից լրացուցիչ առաջարկություններ է ուզել, որոնք կատարելու դեպքում թույլ կտան հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի դարձնել:

Բացի այդ, վարչապետը քննիչ Իվանյանին հարցնում էր` եթե ELARD-ը ասում է, որ «Լիդիան»-ի տվյալները թերի են, ապա ինչպե՞ս է Քննչական կոմիտեն եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալները չեն թաքցվել, ինչպե՞ս է ստացվել, որ այն, ինչ տեսել է ELARD-ը, կոմիտեն չի տեսել և այլն:

«Հաշվի առնելով վերջին շրջանում հասարակության [շրջանում] հնչող մտահոգությունները Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և նախկին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականներ լինելու հետ կապված, որը հրապարակվելուց հետո, եթե հիշում եք, հասարակության շրջանում որոշակի կասկածներ էին առաջացել, որոշակի տեղեկատվություններ էին հրապարակվում, այդ տեղեկատվությունները ստուգելու համար նշանակվել է ծառայողական քննություն», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը:

Հարցին՝ ծառայողական քննությունը նշանակվել է Քննչական կոմիտեի՞ նախաձեռնությամբ, խոսնակն արձագանքեց․ - «Ծառայողական քննությունները միշտ նշանակվում են Քննչական կոմիտեի ցանկությամբ»:

Հարցին էլ՝ ինչի՞ց ելնելով կասկածներ ի հայտ եկան, որ հնարավոր է՝ Իվանյանը անաչառ չի եղել որպես քննիչ Ամուլսարի գործով, Հարությունյանը պատասխանեց․ - «Հաշվի առնելով վերջին շրջանում հասարակության հնչող մտահոգությունները՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականը լինելու հետ կապված լուրը հրապարակվելուց հետո, եթե հիշում եք, հասարակության շրջանում որոշակի կասկածներ էին առաջացել, որոշակի տեղեկատվություններ էին հրապարակվում, էդ տեղեկատվությունները ստուգելու համար նշանակվել է ծառայողական քննություն»:

«Իսկ միայն դա՞, թե՞ նաև այն տեսակոնֆերանսը, որ տեղի ունեցավ վարչապետի մասնակցությամբ և որտեղ նաև վարչապետը անակնկալի եկավ, երբ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կոնկրետ հավելյալ մեղմացման քայլեր էր պահանջել ELARD-ից, որից վարչապետը տեղյակ չէր և պահանջեց հենց այդ պահին իր էլեկտրոնային հասցեին ուղարկել», - այս հարցին էլ Նաիրա Հարությունյանն արձագանքեց․ - «Ես արդեն նշեցի, թե ծառայողական քննությունը ինչ հիմքով է նշանակվել: Ծառայողական քննությունը ունի մի նպատակ, մի հարցի վերաբերյալ է եղել, որը ես արդեն նշեցի»:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը («Իմ քայլը»), ով դեմ է արտահայտվում Ամուլսարի շահագործմանը, «Ազատության» հարցին ի պատասխան շեշտեց, որ քննիչ Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու որոշումը ճիշտ էր:

Վարազդատ Կարապետյան
Վարազդատ Կարապետյան

Ինչ վերաբերում է նոր ՇՄԱԳ-ին, ապա Կարապետյանի համոզմամբ այն կարգելի հանքի շահագործումը․ - «Ես անձամբ և շատ մարդիկ, կարդալով «Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը, տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ընթացքում, վարչապետի ներկայությամբ: Եվ կարծում եմ, որ սա բավարար էր, որպեսզի մենք հասկանայինք, որ այլ տեսանկյուններից պետք է նաև հարցին նայենք՝ հասկանալու համար ամբողջ իրողությունը: Եվ հիմա կառավարությունը այդ գործընթացի մեջ է: Ես վստահ եմ, որ կառավարությունը շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի հիմա»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ նոր ՇՄԱԳ-ը պարզի, որ բոլոր բնապահպանական ռիսկերը կառավարելի են, Կարապետյանն արձագանքեց․ - «Դուք էլի հարցը տալիս եք, որը պրոֆեսիոնալ հարթության հարց է: Դա պրոֆեսիոնալ կազմակերպությունների պատասխան ենթադրող հարց է: Իմ անձնական զգացողությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը՝ հաշվի առնելով այդ գետերի ակունքները և այլն, այդ ամբողջը: Բայց մենք պետք է այս հարցը նույնպես թողնենք պրոֆեսիոնալ դաշտում»:

Կարապետյանն ավելի վաղ լուրջ մտահոգություն էր հնչեցրել Ամուլսարի շահագործման հնարավոր բացասական հետևանքների մասին, մասնավորապես մարդկանց առողջության վրա: Վարչապետ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Թորոսյանն բացառել էին նման հեռանկարը: Թորոսյանն անիրատեսական էր որակել այն:

Հարցին, թե արդյոք այսօր էլ ունի այդ մտահոգությունը, Կարապետյանն արձագանքեց․ - «Ես երջանիկ կզգամ, եթե հասկանամ, որ անիրատեսական է իմ պնդումը: Շատ ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի: Մենք պետք է մեկ անգամ ևս վերլուծենք Հայաստանի այն քաղաքները, որոնք հանքարդյունաբերական կենտրոններն են՝ Կապանը, Վարդենիսը, Արարատը, Ալավերդին, Քաջարանը՝ հասկանալու համար հիվանդությունների դինամիկան և հանքարդյունաբերությունը ինչպես է ազդում տարբեր հիվանդությունների ավելի բարձր հաճախականության վրա այդ հատվածներում, որպեսզի կարողանանք ռեալ պատասխանել այս հարցին․ ևս մեկ հանքավայր շահագործելով՝ կունենա՞նք հիվանդությունների աճ, թե՞ չէ, կամ ինչպիսի ռիսկեր կան: Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա: Բայց ինչպիսի՞ ազդեցություն, դա էլի մասնագիտական հարց է:

Հավելենք, որ մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է պատասխանի, թե արդյոք Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն կա:

XS
SM
MD
LG