Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարաններում ցուցարարներին ծնողական իրավունքից զրկելու հայցեր են լսվելու


Ռուսաստան, Մոսկվա - Ոստիկանները բերման են ենթարկում օգոստոսի 3-ի ցույցի մասնակցին

Մոսկվայի դատարաններից մեկում այսօր լսվելու է դատախազության հայցն ընդդեմ Խոմսկի ամուսինների: Դատախազությունը պահանջում է նրանց զրկել ծնողական իրավունքից օգոստոսի 3-ին Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում երկու փոքրիկ երեխաների հետ բողոքի չարտոնված ցույցին մասնակցելու համար:

Ընդ որում՝ Մոսկվայի դումայի մի խումբ պատգամավորներ հայցը հետ կանչելու պահանջով դիմել են դատախազություն, սակայն դատախազությունը, այդուամենայնիվ, գործը հասցրել է դատարան, և այսօր դատարանը պետք է որոշի՝ վտանգե՞լ են արդյոք ծնողները իրենց երեք ամսական և երեք տարեկան երեխաների կյանքը, երբ նրանց հետ եկել են չարտոնված ցույցի:

Մոսկվայի քաղաքային դումայի 12 պատգամավորները հայտարարել են, որ դատախազությունը պարտավոր է հետ կանչել հայցը, քանի որ երեխաների հետ ցույցին մասնակցելը նույնքան վտանգավոր էր, որքան երեխաների հետ մետրոյով երթևեկելը կամ որևէ տոնակատարության մասնակցելը:

Սա միակ նման գործը չէ, որ լսվելու է այսօր Մոսկվայի դատարանում: Լեֆորտովո շրջանի դատարանում այսօր նախնական լսումներ են նմանատիպ գործով, միակ տարբերությունը՝ ծնողներից ուզում են զրկել միայն մեկ երեխայի: Նրա ծնողները մասնակցել են հուլիսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած չարտոնված ցույցին․ այդ օրը, հիշեցնենք, ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, հազարից ավելի մարդ բերման էր ենթարկվել, տասնյակ մասնակիցների դեմ էլ քրեական գործ էր հարուցվել:

Անցած շաբաթ օրը նույնպես Մոսկվայի կենտրոնում անցկացվել էր չարտոնված երթ, սակայն այդ օրը ոստիկանությունը որևէ ձևով չէր միջամտել, ոչ ոք չէր ձերբակալվել, իսկ մի քանի հազար մարդ էլ իրենց խաղաղ երթն էին անցկացրել և գնացել տուն:

Բողոքի այս ալիքը, հիշեցնենք, սկսվել է, երբ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին քաղաքային դումայի սեպտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG