Մատչելիության հղումներ

Արդեն կան ջուր պղտորողներ, որ անընդհատ խառնում են. Բագրատ Ասատրյանը՝ Ամուլսարի խնդրի մասին


Ողջ շաբաթվա ընթացքում հանրության ուշադրությունը սևեռվել էր Ամուլսարի վրա: Հայաստանի ամենահայտնի առողջարանից՝ Ջերմուկից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա ոսկու հանքաքարի արդյունահանման ծրագիրը հարուցել է բնապահպանների և տեղի բնակիչների բողոքը:

Հրայր Թամրազյանը այս թեման է քննարկում «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրի՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Բագրատ Ասատրյան․ - Գործ ունենք արդեն կայացած փաստի հետ․ հասարակությունը ավելի պահանջկոտ է, հասարակությունն ունի իր դիրքորոշումը, իր պահանջները դնում է և իշխանությունները այսուհետ, և արդեն այսօր էլ, հստակ է, որ հաշվի են նստում:

Պատկերացնո՞ւմ եք՝ մի 5 տարի առաջ նախկին ղեկավարությունը գնար հանդիպեր, խոսեր, քննարկեր, հրապարակում այս բանավեճն ունենար: Չկար ուղղակի: Այսօր հասարակությունը ավելի տեղյակ է և պետք է նստեն ուղղակի հավասարակշռված վճիռ կայացնեն, որովհետև մնացածը արդեն մասնագիտական քննարկումների խնդիր է:

Հիմա կա խնդրի մյուս կողմը՝ առանց հանքարդյունաբերության Հայաստանը կամ որևէ երկիր չի կարող լինել, սա այն է, ինչ մեզ Աստված տվել է և մենք պետք է մեր տնտեսությունը, երկիրը ոտքի կանգնեցնենք հաշվի առնելով նաև այս հատվածը:

Իհարկե, պետք է հաշվի առնենք՝ չափավոր, մտածված, խելամիտ, զգուշավոր, որի մասով, գոնե, մի բան կասեմ, որ ես մինչև հիմա չեմ լսել այս աստիճան զգուշավորություն, պատրաստակամություն խնդիրներ քննարկելու մնացած հանքարդյունաբերական օբյեկտների համեմատ:

Պետք է հավասարակշռված վճիռ կայացնի կառավարությունը, հաշվի առնելով, որ ունի որոշակի հեղինակություն, հաշվի առնելով, որ ունի լեգիտիմությունը: Եվ պետք է հավաքեն մասնագետների կարծիքները, տեղի բնակչության, բայց նաև ամբողջ Հայաստանի շահը հիմքում դնելով կայացնեն վճիռներ:

Չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը շատ ավելի երկարաձգվի: Արդեն տրամաբանության շրջանակներից դուրս է և հետևանքները մի քիչ ավելի վատ լինելու և այսօր էլ տեսնում ես արդեն՝ տարբեր քաղաքական և այլ ուժեր մխրճվում են, այդ թվում՝ հատվածներ կան՝ «ջուր պղտորողներ» կոչվածը, որ անընդհատ խառնում֊խառնում են: Ոչ: Մեզ պետք են լուրջ վճիռներ, մտածված՝ հավասարակշռված և զգուշավոր վճիռներ:

Օգոստոսի 19-ին բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 25-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG