Մատչելիության հղումներ

«Ես չեմ ընդունում, որ ինքը կրակահերթ է բացել». Վոլոդյա Գալոյանի ծնողները պնդում են՝ իրենց որդուն սպանել են


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հուլիսին մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի ծնողները պնդում են՝ իրենց որդուն սպանել են։ Ըստ պաշտոնական վարկածի, զինվորը ինքնասպան է եղել։

Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք էր առաջադրվել դիրքի ավագին՝ «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում Վոլոդյա Գալոյանն «ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով»: «Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Գալոյանն իրեն ամրակցված ինքնաձիգով թողել էր դիրքի տարածքը, որից հետո՝ մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել էր զինվորի դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը», - հայտնել էին քննչական կոմիտեից:

19-ամյա Գալոյանն ընտանիքի միակ զավակն էր, ծնողներն ասում են՝ մահվանից առաջ որդին զանգահարել մորեղբոր տղային և ասել, որ դիրքի ավագի հետ խնդիրներ կան, սակայն մանրամասները չի հասցրել պատմել։

«Ինքը երբեք իր միջավայրում, իր շրջապատում խնդիրներ չի ստեղծել, ոչ թե չէր ստեղծում, նաև անտեսում էր խնդիրները։ Եթե ինչ-որ մեկն իր նկատմամբ խնդիրներ էր ստեղծում, ինքը փորձում էր չարձագանքել դրան նույնիսկ, որ ամեն ինչ հարթ անցնի։ Ես երբեք չեմ ընդունում էն փաստը, որ ինքը հանցագործ է, որ կրակահերթ է բացել, դա իր բնույթի մեջ չկա», - ասաց Գալոյանի մայրը։

Փաստաբան Հայարփի Սարգսյանն ասում է՝ ինքը՝ որպես փաստաբան, չի կարողանում որևէ կերպ ներգրավվել գործին:

«Սա բացառիկ դեպք է, որովհետև անձի կյանքի իրավունք է խախտվել, կոնվենցիայի երկրորդ հոդվածը խախտվել է, մարդը մահացել է և որևէ կարգավիճակ նրան, այդ թվում հատկապես տուժողի, չի տրվել։ Հիմա մեզ անհրաժեշտ է շատ կարգավիճակը, որ զինվորին տրամադրվի, որպեսզի մենք կարողանանք մեր միջնորդությունները ներկայացնենք։ Կարող եմ ավելին մանրամասնել, մեզ անհրաժեշտ են լինելու դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որպեսզի տեսնենք ինչ վնասվածքներ ունի, դատաձգաբանական փորձաքննություն։ Մենք մի շարք միջնորդություններ ունենք, մենք մի շարք հնարավորություններ կարող ենք ունենալ այդ փորձաքննություններին մասնակցելու, բայց այս պահին զրկված ենք այդ հնարավորությունից», - նշեց Հայարփի Սարգսյանը՝ հավելելով. «Ես բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որովհետև օգոստոսի 2-ին միջնորդել եմ, որպեսզի ինձ ներգրավվեն քրեական գործով, թեկուզ որպես հետմահու իրեն պաշտպանություն իրականացնեմ։ Բայց որևէ կարգավիճակ իրեն այս պահի դրությամբ չկա, չնայած քրեական գործն, ըստ իրենց տեղեկության, հարցված է 34, 104-ով և 110-ով, այսինքն սպանության փորձի համար և ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տվյալ դեպքում, եթե սպանության փորձ է իրականացվել և մեկ ամիս է անցել, ո՞վ է իրականացրել սպանության փորձ, Գալոյանը դիրքի ավագին, թե՞ դիրքի ավագը Գալոյանի, եկեք այդ էլ պարզաբանենք։ Անհասկանալի իրավիճակ է, և ես հնարավորություն չունեմ այս պահին որևէ միջնորդություն անելու կամ ծանոթանալու որևէ փաստաթղթի»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հավելում է. «Մենք չգիտենք՝ ով է ում սպանել, այստեղ էլ են կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ։ Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը դեռ բանակ չի թափանցում ոչ մի կերպ, որ պարզեն, թե ինչ է տեղի ունենում, ինչպես է դա տեղի ունենում, որ կանչեն մի հատ ասեն՝ «Էս ի՞նչ եք անում»։ Ինչո՞ւ մենք չենք կարող ներգրավվել, պաշտպանել, արդեն սպանել վերջացրել են, բայց մեկ է չեն թողնում, որ մենք էդ գործին մոտենանք, որ կարողանանք էս ընտանիքին, էս խեղճ ծնողներին ինչ-որ կերպ աջակցել, գոնե հոգեբանական աջակցություն մենք կարողանանք ցույց տալ նրանց»։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ գործով նախաքննությունը դեռ ընթանում է:

XS
SM
MD
LG