Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք [«զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»] կատարելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում Վոլոդյա Գալոյանն «ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով»: «Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ. Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը», - ասված էր երեկվա հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը» հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG