Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը ուսումնասիրություն է իրականացնում «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու համար 


Հրդեհ «Մալաթիա մոլ»-ում, 24-ը օգոստոսի, 2019 թ.

Թե ինչն է եղել Մալաթիա առևտրի կենտրոնում շաբաթ օրը բռնկված հրդեհի պատճառը, առայժմ հստակ չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս ուսումնասիրություն է իրականացնում:

Նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց. «Ուսումնասիրություն են կատարում, և պատրաստ լինելու դեպքում նյութերն ուղարկվելու են դատախազություն»։

Հարցին, թե այդ գործընթացը քանի օրում է տեղի ունենում, Զարգարյանը նշեց. «Դա հնարավոր է կես օրում լինի, հնարավոր է մեկ օրում, հնարավոր է ավելի շուտ լինի՝ իրավիճակից, դեպքից կախված։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ևս հետաքննություն են իրականացնում պատճառները պարզելու համար։ Տեսչական մարմնում հրդեհի բռնկման վայրի նախնական վարկածն ունեն՝ կահույքի արտադրամասից է սկսվել։

Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշեց. «Դրանք բոլորը դեռևս վարկածներ են, վերջնական ստուգումների արդյունքների ամփոփումից հետո նոր կտրվի հստակ պատասխան հրդեհի բռնկման պատճառների և հետևանքների մասին»։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի մասնագետները նախնական արձանագրել են՝ Մալաթիա առևտրի կենտրոնը քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ ունի, ինչն էլ հենց բարդացրել է տեղում աշխատող փրկարարների աշխատանքը։

Հրդեհի բռնկման օրը առևտրի կենտրոնի տարածք ժամանած արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց՝ նկատելի է, որ առևտրի կենտրոնը քաղաքաշինական նորմերի խախտմամբ է կառուցվել։

«Շենքը՝ «Մալաթիա մոլը», քանի որ շինարարությունը դեռևս ավարտական փուլում չի գտնվում, տեսչական մարմին չեն դիմել և վերջնական ավարտական ակտ չի տրամադրվել, բայց նախնական արձանագրել ենք, որ շենքն ունի նաև քաղաքաշինական բազմաթիվ նորմերի խախտումներ։ Մանավորապես բացակայում են շենքի մոտեցման ուղիները ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել հրդեհաշիջման աշխատանքների հետ կապված։ Բացի դա նաև հրդեհային անվտանգության տեսանկյունից մի շարք խնդիրներ ևս արձանագրվել են», - ասաց Զոհրաբյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ առավոտյան արդեն առևտրի կենտրոնում շաբաթ օրը բռնկված հրդեհը մեկուսացվել է, կեսօրին էլ մարվել է:

Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ընկերության շենքի նկուղային հարկում այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում՝ լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ և 5-րդ հարկերում` կահույք:

XS
SM
MD
LG