Մատչելիության հղումներ

Հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում․ կան տուժածներ


Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 19 մարտական հաշվարկ:

Այսօր ժամը 15:47 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:31 հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:

Բոլոր 10 տուժածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից

Ինչպես փոխանցում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, հրդեհի հետևանքով տուժած 8 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Ժամը 21:30-ի դրությամբ բոլոր 10 տուժածներն արդեն դուրս են գրվել:

Մինչև կրակը չմարեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ. Օսիպյան

Թեև առայժմ պարզված չէ հրդեհի պատճառը, սակայն «Ազատության» հետ զրույցներում «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասի մի փոքր հատվածում, այնուհետև մեծ բռնկում է տեղի ունեցել: Նրանք փորձել են մարել հրդեհը, չի հաջողվել, այնուհետև մինչ տարածքից դուրս կգային՝ փորձել են տարատեսակ առարկաներ հեռացնել առևտրի կենտրոնից, մասնավորապես՝ հիշյալ արտադրամասից:

Դեպքի վայրում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ավելի ուշ ժամանեց նաև Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չի ընդհանրապես: Մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ», - լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ոստիկանապետը: - «Կմարեն, մասնագետները, փորձագետները կաշխատեն և կտան համապատասխան գնահատականներ»:

Սամվել Ալեքսանյանը «Ազատության» հարցին՝ պարզե՞լ են հրդեհի պատճառը, և որտե՞ղ է այն բռնկվել, արձագանքեց. - «Չեմ իմանում: Չեմ իմանում, ցավդ տանեմ, ես: Ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ով նույնպես պարբերաբար այցելում է դեպքի վայր:

Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ, որը մեկնել է դեպքի վայր:

«Հրդեհի տարածում կա, բայց աշխատում են տղերքը»

ԱԻՆ ներկայացուցիչը երեկոյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ «քաղաքի բոլոր ուժերն ու միջոցները՝ հրշեջ-փրկարարական ջոկատների ներկա, առկա բոլոր միջոցները, տեխնիկական միջոցները, հրդեհաշիջման բոլոր միջոցները ներգրավված են, 6-7 տեղամասում աշխատանքներ են իրականացնում, մեծածավալ աշխատանքներ են»: «Սա նման չէ ոչ մի հրդեհաշիջման աշխատանքների, բաց է տարածքը, օդի ներթափանցման արդյունքում մեծաքանակ այրվող նյութ կա՝ փայտանյութ կա, փայտանյութ, էլեկտրատեխնիկա, ու մի քանի հարկերում, խորացված հատվածներում», - ասաց փոխգնդապետը:

«Մեկուսացման վերաբերյալ էս պահի դրությամբ ոչ մի բան, հրդեհի տարածում կա, բայց աշխատում են տղերքը», - նշեց ԱԻՆ ներկայացուցիչը:

«Հրդեհը նկուղային մասից էր զարգացել, բայց կոորդինատներով կամ հասցեով հնարավոր չի էս պահին ձեզ ինֆորմացիա տրամադրել», - ասաց ԱԻՆ փոխգնդապետը:

«Էս պահի դրությամբ բոլոր հրշեջ-փրկարարները աշխատում են շնչառական ապարատների միջոցով, այսինքն՝ շնչելու համար ոչ պիտանի տեղամասերում, բարձր ջերմություն, անհասանելի տեղամասեր, ինտենսիվ այրում», - հայտնեց նա՝ վստահեցնելով, որ «պայթյունավտանգ նյութեր էս պահի դրությամբ չի հայտնաբերվել, ըստ ցուցակի իրենք ներկայացրել են միայն փայտանյութ»:

«Հսկայական մակերես է, մակերեսը շատ մեծ է, թվերով, էս պահի դրությամբ չեմ տիրապետում թվերին, ամեն մի տեղամասը 800 քառակուսի մետր էր՝ մենակ ամեն մի տեղամասը, 8 անգամ 800 քառակուսի պատկերացրենք, դեռ չհաշված մյուս հատվածները», - շարունակեց ԱԻՆ ներկայացուցիչը:

«Ազատության» հարցին՝ հրդեհի տարածման վտանգ կա՞, փոխգնդապետն արձագանքեց. - «Հրդեհը տարածվելով, տարածվելով, տարածվելով՝ արդեն տարածվել է, հրշեջները իրենց բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել են՝ հրդեհը կանխելու: Էս պահի դրությամբ տեղամասեր կան, որ արդյունավետ արդեն հանգեցման են գնում, մեկուսացման այսինքն, մյուս տեղամասերում դեռ էդ նույնը չի հաջողվել: Բայց եթե չխանգարեն, քաղաքացիները եթե չխանգարեն ջրատար մեքենաների ինտենսիվ մեկնմանը, ամեն ինչ, հույսով եմ, որ բարեհաջող կավարտվի»:

Նա ընդգծեց նաև, որ մարդկանց առումով ոչ մի խնդիր չի առաջացել՝ տարհանումն ապահովվել է:

«Հրշեջներից կան տուժածներ, բայց դա վնասվածք չի, դա սովորական աշխատանքային պրոցես է», - ասաց ԱԻՆ փոխգնդապետը:

«Երրորդ կանչով ներգրավված մեքենաների թիվը 9-ն է: 9 մեքենաներից ավել գալիս է էն դեպքում, երբ որ վիճակը ծանրանում է: Էս պահի դրությամբ վիճակը ծանրությունից մի քիչ թեթև է, մեքենաներ ներգրավվել են, անհրաժեշտության դեպքում էլի կներգրավվեն: Իսկ էս պահի դրությամբ, կարելի է ասել, լավ են աշխատում», - նաև նշեց ԱԻՆ ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG