«Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը, Գյումրին բոլորիս համար պահել-պահպանել-զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը։ Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը», ֊ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ։
«Եվ ուզում եմ ամենակարևոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավական է մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետև Գյումրին աղետի գոտի չէ։ Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է», ֊ նաև ասել է Փաշինյանը, ընդգծելով. ֊ «Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են։ Ամենևին։ Բայց երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունն այս ընթացքում հարվածներ չի ստացել։ Դա ամենևին դա չի նշանակում։ Երբ ասում ենք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է, դա ամենևին չի նշանակում, թե մենք պարտություններ չենք կրել։ Ընդհակառակը, դա նշանակում է, որ մենք, պարտությունների միջով անցնելով, կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին։ Եվ Գյումրին, աղետի միջով անցնելով, աղքատության, դժնդակ օրերի միջով անցնելով, դժվարությունների միջով այսօր էլ անցնում է, բայց ի ցույց է դնում իր հաստատակամությունը՝ ապրելու, կերտելու, աշխատելու, արարելու, ծաղկելու և դառնալու մշակութային, քաղաքական, տնտեսական կյանքի իսկական կենտրոն»։
Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը։
«Այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում. այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, և դա սկսում ենք Գյումրիից։ Եվ էլի ուզում եմ հիմա մեծ հաճույքով այսօրվանից՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը հայտարարել Գյումրիի միամսյակ», ֊ նշել է Փաշինյանը։
Վարչապետը բոլոր այն հայերին ովքեր չեն եղել Գյումրիում, կոչ է արել անպայման այցելել Գյումրի՝ «որովհետև ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գյումրիում»։