Մատչելիության հղումներ

Վայոց ձորում ավտմեքենան գլորվել է ձորը. երեք մարդ զոհվել է, ևս երեքը մարմնական վնասվածքներ են ստացել


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Վայոց ձորի մարզում ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն Վայոց ձորի Քարագլուխ գյուղի խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել է այսօր ժամը 17:07-ին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի մոտ 20-րդ կիլոմետրին Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան, վարորդ՝ Հակոբ Կ., ծնված 1978թ., դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել մոտակա ձորը: Վարորդը և երկու ուղևոր՝ Անի Ե., ծնված 1978թ., և Սյուզի Կ., ծնված 2001թ., տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Նոնա Կ., ծնված 2003թ., Սուսաննա Կ., ծնված 1958թ., և Դերենիկ Կ., ծնված 2009թ., ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացիները հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ երկուսի վիճակը ծանր է՝ ստացել են պոլիտրավմաներ, կազմակերպվում է նրանց տեղափոխումը Երևան։

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG