ՄիացյալՆահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ֆրանսիային ամերիկյան բարձր տեխնոլոգիական ընկերություններից հարկեր գանձելու մտադրության համար և սպառնացել հարկեր դնել ֆրանսիական գինիների վրա: Այդ մասին նա ասել է Ֆրանսիա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների (G7) գագաթնաժողովին:
Թրամփը հայտարարել է, թե ինքը տեխնոլոգիական ընկերությունների մեծ սիրահար չէ, բայց դրանք ամերիկյան խոշոր ընկերություններ են, և չի ցանկանում, որ Ֆրանսիան հարկի նրանց:
«Եթե նրանք դա անեն, մենք կհարկենք նրանց գինիներն այնպես, ինչպես նախկինում նրանք երբեք չեն տեսել», - սպառնացել է Թրամփը օդանավ նստելուց առաջ:
Ֆրանսիայի հարավում գտնվող Բիարից հանգստավայր քաղաքում օգոստոսի 24-ին մեկնարկում է Մեծ յոթնյակի երկօրյա գագաթաժողովը: