Մատչելիության հղումներ

Հեղափոխական իշխանությանը իրատեսությունն է պակասում․ Արամ Մանուկյան


Անկախության հռչակագրի ընդունման առթիվ ավանդույթի համաձայն լրագրողներին է հանդիպել հռչակագիրը 29 տարի առաջ Գերագույն խորհրդում ընթերցած պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա լրագրողներին հորդորեց տոնել անկախությունը, շնորհավորել հռչակագրի ընդունման օրը:

Իշխանությանն էլ հիշեցրեց՝ իրենց թիվ մեկ առաքելությունը Հայաստանի անկախության պաշտպանությունն է:

«Անկախության հռչակագիրը ընդունելի եղել է և մնում է բոլոր քաղաքական ուժերի համար: Մեր ամենաոխերիմ քաղաքական հակառակորդները որևէ բան Անկախության հռչակագրի մասին չեն ասում: Սա իսկապես համազգային համաձայնության արդյունքում ծնված փաստաթուղթ էր: Դրա մեջ է նաև իր ուժը, իր հզորությունը, իր պատմականությունը: Եվ այն դարձավ մեր Սահմանադրության հիմքը», - նշեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Մի հատ կոպիտ խոսք ունեմ, երբեմն կրկնում եմ․ պետությունն ու իշխանությունը անկախության շունն են՝ պահապանը: Ով ուզում ա գա, ինչ իշխանություն ուզում ա գա, ինչ կուսակցություն ուզում ա լինի՝ նրա թիվ մեկ առաքելությունը պետք ա լինի իր երկրի սուվերենությունը՝ անկախությունը պահպանելը»:

Անկախությունը գերագույն արժեք է, սակայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը մսխվել է, քննադատեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Միևնույն ժամանակ՝ դժգոհեց նաև գործող իշխանությունից, ասաց՝ թեև ծանր ժառանգություն են ստացել նախորդներից, բայց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին էլ անկախությունը պահպանելու գործում պակասում է՝ «իրատեսությունը, հաշվարկները, սառը հաշվարկը»:

ՀԱԿ ներկայացուցիչը դժգոհ է գործող իշխանության արտաքին քաղաքականությունից, ասաց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հստակ ծրագիր չունեն:

Արդարադատության, տնտեսական ոլորտներում հռչակած հեղափոխական քայլերն էլ, ըստ նրա, դեռ տեսանելի չեն․ - «Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում (ինձ գոնե դա չի բավարարում) իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցում, արտաքին դիվանագիտության հարցում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Հստակ չեն: Սկզբից կարող էր և չլինել՝ առաջին ամիսներին, երբ որ հեղափոխական էյֆորիա էր, դա շատ բնական էր, շատ օրինաչափ էր: Բայց անցել է, այսպես ասեմ, ալիքի շրջանը և իշխանությունները հստակ պետք է իրենց քաղաքականությունը մատչելի, հասկանալի, առանց խուճուճ տերմինների արտահայտեն նշված հարցերի շուրջ»:

Այս օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև ծառացած խնդրահարույց թեմային՝ Ամուլսարը շահագործելու հարցինկարճ անդրադարձավ նախկին պատգամավորը, ասաց՝ Հայ ազգային կոնգրեսը այս հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի առաջիկայում՝ քննարկումներից հետո միայն:

«Ասել, թե մինուս չկա՝ ազնիվ չի: Ասել, որ պլյուսներ չկան՝ էլի ճիշտ չի: Պետք ա ներկայացնես բաց, անկեղծ՝ գոնե սեփական թիմում, բոլոր քաղաքական, ներքաղաքական, տնտեսական, էկոլոգիական խնդիրները, հաշվարկները և ասել՝ սա է իրավիճակը, եկեք որոշում կայացնենք էս պլյուսները, մինուսները հաշվելով, և եթե որոշում կայացվեց՝ բոլորս տեր կանգնենք էդ որոշմանը», - կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահը:

Արամ Մանուկյանի դիրքորոշումը հստակ է մի հարցում՝ հանքի շահագործումը ժողովրդի հանրաքվեով լուծելիք հարց չէ, խորը մասնագիտական վերլուծության կարիք կա, ինչի հիման իշխանությունը պետք է որոշում կայացնի:

XS
SM
MD
LG