Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կոչ է անում Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնել


ՀՅԴ դրոշը հանրահավաքի ժամանակ, արխիվ
ՀՅԴ դրոշը հանրահավաքի ժամանակ, արխիվ

Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը, ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմնի համոզմամբ, «գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձևավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը»։

Այսօր հրապարակած հայտարարությունում ընդգծելով, որ առաջնահերթություն է համարում ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը, ՀՅԴ ԳՄ-ն խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։

«Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում», - հայտարարում է Դաշնակցության Գերագույն մարմինը՝ շարունակելով․ - «Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝ հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների, վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ, հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

XS
SM
MD
LG