Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ղեկավարները շնորհավորել են Վեհափառին ծննդյան տարեդարձի կապակցությամբ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը օրհնում է հավատացյալներին, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը օրհնում է հավատացյալներին, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վեհափառի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որում մասնավորապես ասված է. - «Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ Դուք անմնացորդ ծառայություն եք մատուցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և մեր ժողովրդին, այդ թվում՝ 20 տարի որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը հանուն մեր ժողովրդի բարօրության՝ ի Հայրենիք և ի Սփյուռս, հանուն մեր երկրի հզորության և հանուն խաղաղության համայն աշխարհում»:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասված է․ - «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին: Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը և մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր դարձավ 68 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG