Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ:

Մասնավորապես, Դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն, ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականներին ձեռք է բերվել 5 հազար 350 լիտր բենզին՝ 2 միլիոն 45 հազար 500 դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար: Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:

«2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր աժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր: Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերարներից:

Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների նպատակով ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 1.393.822 ՀՀ դրամի սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը երեխաներին չի բաշխվել:

2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է բաշխվել:

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի աշխատավարձ:

Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի պարգևավճարներ», - իր բացահայտած խախտումները թվարկում է Դատախազությունը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», և 314-րդ հոդվածով՝ «պաշտոնեական կեղծիք», նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG