Մատչելիության հղումներ

Կառավարությունում արդեն հաշվարկում են Ամուլսարի շահագործման տնտեսական ազդեցության դրական կողմերը


Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյան

Մինչ բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն կունենա, հանքարդյունաբերությունը ոչ գերակա ճյուղ հռչակած կառավարությունում հանքի տնտեսական ազդեցության դրական կողմն են հաշվարկում։

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով, մինչև հանքի շահագործումը «Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։ Ընկերությունն արդեն իսկ 350 միլիոն դոլար է ներդրել։ Նախարարությունում վստահ են, որ Ամուլսարի շահագործման դեպքում արդյունքները նաև համախառն ներքին արդյունքում նկատելի կլինեն։

«Մեր գնահատականներով, արտադրանքի ծավալները կազմում են մոտավորապես 250 միլիոն դոլար սկզբնական տարիներին։ Դա նշանակում է, որ ՀՆԱ-ի վրա ուղղակի ազդեցությունը լինելու է 1 տոկոս: Իսկ անուղղակի ազդեցությունը նաև որ հաշվում ենք, մոտավորապես կազմում է 1,4 տոկոսի միջակայքում», - նշեց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարությունում համոզված են, որ Ամուլսարի հանքի շահագործումը տնտեսության վրա միանշանակ դրական ազդեցություն է ունենալու։ Նաև նոր աշխատատեղերի մասին են խոսում։ Ավագ Ավանեսյանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ մոտ 750 աշխատեղ կբացվի ու հանքի հետ փոխկապակցված նոր ընկերություններ․ - «Իսկ մուլտիպլիկատիվ էֆեկտը կազմելու է 4-5 միավորի շրջանակներում: Դա նշանակում է, որ ամեն աշխատատեղի համար լրացուցիչ 4-5 աշխատատեղ է ստեղծվում»:

Նախարարությունում արդեն հաշվել են, որ եթե Ամուլսարը գործի, «Լիդիան Արմենիա» ընկերությունը կընդգրկվի 1000 խոշոր հարկատուների ցանկում․ - «45-50 միլիոն դոլարի հարկ է ենթադրվում որ տարեկան վճարելու է ծրագիրը, ընկերությունը, որից մեծ մասը ռոյալթիի տեսքով է լինելու և շահութահարկի»:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ Հայկ Գևորգյանը համոզված է, որ հանքը տնտեսական մեծ ազդեցություն է ունենալու, բայցև շտապում է նկատել, որ անցած տարի հանքարդյունաբերության նվազման պայմաններում էլ տնտեսական աճ է գրանցվել․ - «Հանքարդյունաբերության նվազման պայմաններում աճել է վերամշակող արդյունաբերությունը: Եվ մենք ընդհանուր առմամբ արդյունաբերությունում ունեցել ենք նկատելի աճ: Դա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը կարող է զարգանալ նաև առանց հանքարդյունաբերության աճի»:

Հարցին՝ եթե առանց հանքարդյունաբերության էլ հնարավոր է ապահովել տնտեսական զարգացում, այդ դեպքում ինչո՞ւ է հանքարդյունաբերությունը ոչ գերակա ճյուղ հռչակած կառավարությունն ավելի շատ հանքի շահագործմանը կողմ, պատգամավորը պատասխանեց, թե հանքի չշահագործումը կառավարության վրա կարող է թանկ նստել․ - «Դա առաջին հերթին այն դատական քաշքշուկն է և այն դատական պրոցեսները, որ սկսվելու են Հայաստանի դեմ, բավական ծանր պատժամիջոցների կարող է ենթարկվել, հարյուրավոր միլիոնների փոխհատուցումներ, տուգանքներ, տոկոսներ, չստացված շահույթներ և այլն, և այլն»:

«Լիդիան Արմենիա»-ից դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս, թե ընկերությունն արդյոք հանքի շահագործման դեպքում խոստացած մյուս ներդրումները ևս կանի ու որքան շահույթ կունենա ընկերությունը տարեկան կտրվածքով։

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին։ Այդ ժամանակ «Լիդիան Արմենիան» հայտատարեց, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG