Մատչելիության հղումներ

Facebook-ը և Twitter-ը Հոնկոնգի բողոքի ցույցերը վարկաբեկող հարյուրավոր օգտահաշիվներ են արգելափակել


Facebook և Twitter սոցիալական կայքերն արգելափակել են հարյուրավոր օգտահաշիվներ, որոնք Չինաստանն օգտագործել է Հոնկոնգի բողոքի ակցիաները վարկաբեկելու նպատակով:

Twitter-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ներքին հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 936 օգտահաշիվ, որոնք փորձել են վարկաբեկել Հոնկոնգի քաղաքացիական շարժումը՝ կասկածի տակ դնելով բողոքի ակցիաների օրինականությունը և քաղաքական պահանջները: Լայնածավալ տեղեկատվական արշավն իրականացվել է Չինաստանի տարածքից՝ պետական աջակցությամբ, նաև հայտարարել են Twitter-ի ներկայացուցիչները:

Նույն հիմնավորմամբ Facebook-ը ևս 5 օգտահաշիվ, 7 էջ և 3 խումբ է արգելափակել:

Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը: Ցուցարարները պահանջում են չեղարկել այդ նախագիծը, որն ինքնավարության կառավարությանը մասնավորապես իրավունք է տալիս թույլատրել ենթադրյալ իրավախախտի կամ հանցագործի արտահանձնումը Չինաստանի իշխանություններին․ Հոնկոնգի բնակիչները մտավախություն ունեն, որ օրենսդրական նախաձեռնության գլխավոր թիրախը այլախոհներն ու իշխանությունների ընդդիմախոսներն են:

Պաշտոնական Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի:

XS
SM
MD
LG