Մատչելիության հղումներ

Հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգը


Հոնկոնգ - Ուղևորները և ցուցարարները օդանավակայանում, որտեղ չվերթները հետաձգվել են, 12-ը օգոստոսի, 2019թ․
Հոնկոնգ - Ուղևորները և ցուցարարները օդանավակայանում, որտեղ չվերթները հետաձգվել են, 12-ը օգոստոսի, 2019թ․

Տասներորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել ասիական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը համարվող Հոնկոնգը:

Բողոքի զանգվածային ակցիաների պատճառով նախօրեին հերթական անգամ չեղարկվել են աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող Հոնկոնգի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները, դրան նախորդել են ոստիկանների կողմից ջրցան մեքենաներով, ռետինե փամփուշտների կիրառմամբ ցույցերը ցրելու գործողությունները: Ինքնավարության իշխանությունները սպառնում են է՛լ ավելի կոշտ միջոցների դիմել զանգվածային անկարգությունների դեպքում:

Վերջին ամիսներին Հոնկոնգում, չնայած ոստիկանների կոշտ դիմադրությանը, բողոքի ցույցերին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ:

Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը: Ցուցարարները պահանջում են չեղարկել այդ նախագիծը, որը ինքնավարության կառավարությանը մասնավորապես իրավունք է տալիս թույլատրել ենթադրյալ իրավախախտի կամ հանցագործի արտահանձնումը Չինաստանի իշխանություններին․ Հոնկոնգի բնակիչները մտավախություն ունեն, որ օրենսդրական նախաձեռնության գլխավոր թիրախը այլախոհներն ու իշխանությունների ընդդիմախոսներն են: Ցույցերի ճնշման արդյունքում օրենքի ընդունումը հետաձգվել է, սակայն այն չի չեղարկվել: Ընդդիմությունը պահանջում է վերջնականապես հրաժարվել օրենսդրական նախաձեռնությունից:

Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ, անհայտ է. Հենց այդ անորոշության ֆոնին Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ:

Հոնկոնգը համարվում է աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը, երրորդ ամիսը շարունակվող բողոքի ցույցերը, փորձագետների գնահատմամբ, հսկայական հարված են հասցնում զբոսաշրջային ոլորտին: Ինքնավարության նախնական հաշվարկներով՝ հուլիսին քաղաքի այցելուների թիվը երկնիշ տոկոսով կրճատվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG