Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ ՊԲ զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում


Ինչի՞ հետևանքով է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Արայիկ Ղազարյանը հայտնվել Ադրբեջանում, պաշտպանության նախարարությունում դեռ հստակ պատասխան չեն տալիս։ Նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

«Ազատության» հարցին՝ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողը լքել է մարտական դիրքը, հայկական կողմն էլ հաստատեց տեղեկությունը, արդյո՞ք պարզվել են հանգամանքները, թե ինչու է զինծառայողը լքել մարտական դիրքը, Տոնոյանը պատասխանեց. «Դեռևս իրականացվում է այս փուլում հետաքննություն կատարվածի վերաբերյալ։ Ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»։

Հայ զինծառայողի կողմից մարտական դիրքը լքելու վերաբերյալ տեղեկությունը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին տարածել: Ավելի ուշ Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Հայկի Ղազարյանն է, որը երեկ Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղմասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց պաշտպանության նախարարությանը, պնդում են, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները քարոզչություն է որակում:

«Տեղեկատվական քարոզի, հակառակորդի տեղեկատվական աշխատանքի արդյունքն է սա, ու չեմ կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկատվությունը։ Ես դեռևս չեմ կարող ասել, որ ինքը հոգեբանորեն էլ է մոլորվել, բայց աշխատանքի արդյունքում մենք արդեն տեղեկությունը կտանք։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ, որ նորմալ է անցնելու, և նաև կոչ եմ անում իմ Ադրբեջանի կոլեգաներին, որպեսզի այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն», - նշեց Տոնոյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմը զինծառայողին հետ վերադարձնելու նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: Կարմիր Խաչից «Ազատությանը» հայտնեցին, որ կոմիտեն արդեն գաղտնի երկխոսություն է վարում կողմերի հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Իռեն Ալոյանի խոսքով. «Ընդհանրապես իր մանդատի շրջանակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկված անձանց, որպեսզի դիտարկի նրանց պահման պայմանները, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքի պայմանները։ Բացի այդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցում է, որպեսզի վերջինները կապ պահպանեն իրենց ընտանիքի անդամների հետ»։

Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է։ «Ազատության» հետ զրույցում զինծառայողի եղբայրը՝ Արմեն Ղազարյանն ասաց, եղբայրը 15 օր առաջ արձակուրդ էր եկել, և որևէ բողոք չի ունեցել ծառայությունից։

«Մամային ասեց՝ «մամ, գնամ, վեց ամիսը լրացել է՝ երեք տարով մնամ ծառայեմ, 15 օր գամ տուն, 15 օր՝ ընդեղ», մաման ասեց՝ «Չէ, այ տղես, էս երկու տարին ա պրծի արի», - նշեց Արմեն Ղազարյանը։

«Ազատության» հարցին, թե կարծում է, որ եղբայրը մոլորվե՞լ է, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Էդ ձև ա թվում էլի, ես կոնկրետ բան չգիտեմ»։

Հարցին էլ, թե վերջին անգամ ե՞րբ է խոսել նրա հետ, զինծառայողի եղբայրը պատասխանեց. «Երեկ չէ առաջի օրը»։

Իսկ թե այդ ժամանակ բողոքներ ունեցե՞լ է, արձագանքեց. «Ունեցել ա մի քիչ, զանգել ենք, խնդրանքով դիմել ենք, եղել էր, բայց որ սենց բան կաներ, չեմ կարա ասեմ»։

Արմեն Ղազարյանն այլ մանրամասներ չներկայացրեց, ասաց՝ հիմա այն իրավիճակում չէ, որ խոսի։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե դեպքից հետո զինծառայողի մայրը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG