Մատչելիության հղումներ

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ երեք անձ ձերբակալվել է


Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին, «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ըստ Քննչական կոմիտեի առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ․ Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Վնասված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի սեփականատերն է գործարար, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանը, ում ապակյա շշերի գործարանն էլ գտվում է պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա:

Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող, նրանց թվում Մելիք Մանուկյանը չկա:

Մանուկյանը, ում հեռախոսահամարը մինչև այժմ անհասանելի է, ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին փոխանցել էր, որ պայթյունի պահին մեքենայում չի եղել և չի կարող ասել՝ դա իր դեմ կազմակերպված մահափորձ էր, թե պատահականություն:

Նախնական տվյալներով, գործի շրջանակներում ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը: Վերջինս երեկ դեպքի վայրում, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, նստեց իրեղեն ապացույց հանդիսացող «Ռենջ Ռովեր» մեքենան և հեռացավ ոստիկանների կողմից արգելափակված տարածքից:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, անձը ձերբակալված է:

«Քրեական գործը հարուցվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ», - մանրամասնեց Հարությունյանը, - «Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և նրա 1976թ․ ծնված վարորդը հատնաբերվել են, 1976թ․ ծնված տղամարդը ձերբակալվել է»:

Մանուկյանը և նրա հարազատները մեկ անգամ չէ, որ մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել տարբեր քրեական պատմությունների շրջանակներում: Դեռ այս տարվա հունվարին նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել։ Հրազենային վնասվածքներ էին ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ 1989թ ծնված Աբովյան քաղաքի բնակիչը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։ Մի քանի օր անց դատարանի որոշմամբ պատգամավորի որդին ազատ էր արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG