Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ


Երվանդ Ղազանչյան
Երվանդ Ղազանչյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղակացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց ուրույն տեղը կունենան հայկական մշակույթի հարուստ ժառանգության մեջ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր հեռագրում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ խորին ցավակցություն հայտնելով Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Թատերական գործիչների միության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը մահացել է հուլիսի 30-ին՝ կյանքի 82-րդ տարում:

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, ասված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում:

Ականավոր արվեստագետի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը` վաղը:

Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ երեկ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG