Մատչելիության հղումներ

Նախկին քննիչը մեղադրվում է 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և զարդերի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի մեջ


Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել շուրջ 6.5 միլիոն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

«Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017թվականներին զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակություններ, որից հետո հիշյալ հափշտակությունների փաստը քողարկելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք», - ասված է հաղորդագրությունում:

Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիքը»:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությանը հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG