Մատչելիության հղումներ

Թումանյան կայարանի մոտակայքում վառելիքով բեռնված գլանատակառների հրդեհը մարված է․ ԱԻՆ


Հրդեհը Թումանյան կայարանի մոտակայքում, 29-ը հուլիսի, 2019թ․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է, որ Թումանյան կայարանի մոտակայքում վառելիքով բեռնված գլանատակառների հրդեհը մարված է:

«Հուլիսի 29-ին ժամը 4-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան 2631 պիկետում՝ Թումանյան կայարանի մոտակայքում, այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ: Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են (55 տ տարողությամբ), 7-ը՝ բեռնված վառելիքով (բենզին), 10-ը՝ հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են (7 հատ): Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը», - ասված է ԱԻՆ-ի լրացված հաղորդագրությունում:

Հրդեհի բարդության երրորդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ: Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մետր գլորվել ձորը. կա երկու տուժած: Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս․-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 55 տ տարողությամբ գլանատակառ՝ շարժակազմում 3-րդը և 4-րդը, առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ: Ժամը 5:30-ի դրությամբ մասամբ այրվում էր 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը՝ շարժակազմ 3-9:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 6:31-ին, մարվել՝ 10:10-ին:

Այրվել է 3 գլանատակառի պարունակությունը՝ բենզին, ամբողջությամբ, 4-ը՝ մասամբ, ջերմահարվել է 2-ը (մեքենավարի խցիկը և ցորեն), փոխանցում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ Փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ստորև՝ ԱԻՆ-ի տեսանյութը․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG