Մատչելիության հղումներ

Թումանյան կայարանի մոտակայքում այրվում են վառելիքով բեռնված գլանատակառներ․ կան տուժածներ


Արտապատկերում ԱԻՆ-ի տեսանյութից
Արտապատկերում ԱԻՆ-ի տեսանյութից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել ժամը 4-ին, պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են՝ 50 տ տարողությամբ, 7-ը՝ բեռնված վառելիքով՝ բենզինով, 10-ը՝ հանքաձյութով, 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շինանյութերով, իսկ մնացած 7 շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության երրորդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մետր գլորվել ձորը. կա երկու տուժած: Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս․-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ՝ շարժակազմում 3-րդը և 4-րդը, առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

ժամը 5:30-ի դրությամբ մասամբ այրվում էր 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը՝ շարժակազմ 3-9:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 6:31-ին:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Ստորև՝ ԱԻՆ-ի տեսանյութը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG