Մատչելիության հղումներ

Ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառները ոչ թե բանակում, այլ դրանից դուրս են. Զինկոմի պաշտոնակատար


Արխիվային լուսանկար

«Ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառները ոչ թե բանակում, այլ դրանից դուրս են», - համոզված է Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։

«Ծառայության ընթացքում դրդում, որ զինակոչիկը հասնի այդ կարգավիճակին, որ ինքնասպանություն լինի, դա հիմնականում բանակից կախված չի։ Դա գալիս ա նաև դպրոցից, բուհից, ընտանիքից, սոցիալական վիճակներից», - նշեց Ավթանդիլյանը։

Միայն հուլիսին Զինված ուժերում, պաշտոնական վարկածով, ինքասպանության երկու դեպք է գրանցվել։ Շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան գործով ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ դա գործադրել սպառնալու կասկածանքով ձերբակալվել է մարտական դիրքի ավագը: Զինվորական քննչական գլխավոր վարչության վարկածի համաձայն՝ ինքնասպանության մյուս դեպքը մարտական դիրքի դիտակետում է տեղի ունեցել։ Ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը։

«Որպես Հայաստանի Հանրապետության զինկոմի պաշտոնակատար, ես ինքս տվել եմ ցուցումներ բոլոր զինկոմներին, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրեն նրանց հոգեբանական վիճակը մինչև զորակոչելը։ Նաև կփորձենք աշխատել ոստիկանության մարմինների հետ՝ ինչպիսի, ասենք, խախտումներ են ունեցել կամ չեն ունեցել։ Այսինքն, բոլոր տեսակ ծառայության հետ կապված մենք կուզենանք նաև հոգեբանների ներդրում ունենանք, որ փորձեինք հասկանալ՝ մինչև զորակոչվելը նմանատիպ հոգեբանական խնդիրներ զորակոչիկները ունենում են, թե չեն ունենում», - ընդգծեց Ավթանդիլյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերին խուսափում է «ինքնասպանություն» անվանումը տալ։ Համոզված է՝ դրանց մեծ մասը հենց սպանություն է։

«Զորամասից սկսած Քննչական կոմիտեով՝ համատեղ համագործակցությամբ, ես կասեի, հանցավոր, կոծկվում են մահվան դեպքերը։ Ինքնասպանություններ ես չեմ հանդիպել գրեթե», - ասաց Ալեքսանյանը։

Այս միջադեպերից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ անել՝ ինքնասպանության հասցնելու համար պատժի ժամանակահատված սահմանել 7-ից 10 տարին։ Ներկայումս Քրեական օրենսգրքով ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով։

Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ ասել էր, որ հասկանում է՝ միայն օրենսդրական փոփոխությամբ հարցը լուծում չի ստանա։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ բանակում ինքնասպանություններն ավելի քիչ կլինեին, եթե բացահայտվեին նախորդ նմանատիպ դեպքերը։

«Պատասխանատուները, իրական, չեն պատժվում, անպատժելի են, և դրա համար տարատեսակ կարծիքներ է հայտնում Պաշտպանության նախարարության անձնակազմը, այսպես ասած։ Եթե նրանք ընդունեին, գիտակցեին՝ զինվորի կյանքը թե ինչքան թանկ է իր ընտանիքի համար, և ընդհանրապես ես կարծում եմ, որ այս դեպքերը՝ կեղծ ինքնասպանությունները և սպանությունները, մահվան դեպքերը բանակում կկրճատվեին», - ասաց իրավապաշտպանը։

Ի դեպ, պաշտոնական տեղեկության համաձայն՝ այս տարվա միայն 7 ամիսներին զինծառայողների ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 6 դեպք է արձանագրվել։ 5-ը ծառայության հետ է կապվում, իսկ մեկը՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG