Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում և հարակից տարածքներում սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերով քրգործ է հարուցվել


Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանի ապամոնտաժումը, Երևան, 14-ը մարտի, 2019թ․
Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանի ապամոնտաժումը, Երևան, 14-ը մարտի, 2019թ․

Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով հողամասեր տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

«Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ուսումնասիրության նպատակով համապատասխան փաստաթղթերը Երևան քաղաքի դատախազության կողմից պահանջվել և ստացվել են Երևանի քաղաքապետարանից: Նույն նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերևույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչից ելնելով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և որոշել հետագա ընթացքը», - ասված է հաղորդագրությունում:

Նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք 2002-2018 թվականների ընթացքում առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երևան քաղաքի Ազատության հրապարակի համալիրի, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առևտրային գործունեություն՝ այդ կերպ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին, փոխանցում է Դատախազությունը:

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար հանձնվել Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG