Մատչելիության հղումներ

Կա՛մ Ծառուկյանը պետք է վերանայի իր պահվածքը, կա՛մ պատգամավորները գնահատական տան․ մեդիա փորձագետ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, 19-ը հունիսի, 2019թ․

Լրագրողական կազմակերպությունները պատգամավորներից ու խորհրդարանի ղեկավարությունից շարունակում են կոնկրետ գործողություններ ակնկալել՝ ստեղծել էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննարկելու լրագրողների նկատմամբ ընդդիմադիր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վարքը։

Մոտ 20 օր առաջ «Ազատության» թղթակցի՝ Քննչական կոմիտե հարցաքննության չներկայանալու, օրենքին ենթարկվելու մասին հարցերին ի պատասխան Ծառուկյանն անցել էր վիրավորանքների։ Հենց այդ հայտարարությունից հետո լրագրողական մոտ մեկ տասնյակ կազմակերպություններ Ծառուկյանի արտահայտությունները անվայելուչ էին որակել, նկատել, որ մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր ուժի ղեկավարը չորրորդ անգամ է վիրավորում լրագրողներին, նրանից պահանջել էին ներողություն խնդրել, Ազգային ժողովի ղեկավարությունից էլ՝ քննարկման առարկա դարձնել Ծառուկյանի վարքագիծն ու գնահատական տալ դրան: «Պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել» հարցը ընդամենը Ծառուկյանի ծիծաղը շարժեց։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց հայտարարությունը բավարար հիմք է էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար։ Գագիկ Ծառուկյանի ներողություն չխնդրելն, ասաց, անակնկալ չէր, բայց անսպասելի էր խորհրդարանի լռությունը:

«6-րդ գումարման խորհրդարանում մենք տեսնում էինք բազմաթիվ օդիոզ պատգամավորներ, որոնք որ այլ կերպ չէին էլ կարող առհասարակ շփվել լրատվամիջոցների հետ, իրենց էությունն էր դա։ Նոր խորհրդարանում դա իսկապես անհարիր է, և թերևս Գագիկ Ծառուկյանի պահվածքը ամենահանդուգնն է, ես կասեի։ Ինքը կա՛մ պետք է վերանայի իր պահվածքը, կա՛մ, կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք կհասնենք նրան, որպեսզի իր գործընկեր պատգամավորները համապատասխան գնահատական տան», - նշեց Աշոտ Մելիքյանը։

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ: Նախագիծը ներկայացնելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, բայց որպեսզի որոշումն ընդունվի անհրաժեշտ է, որ քվեարկի պատգամավորների մեծամասնությունը:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ այս ընթացքում չձևավորվեց էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, «Իմ քայլ»-ից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ մեզ կաշկանդում է բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որովհետև մենք փաստացի գտնվում ենք արձակուրդի մեջ, և հերթական նստաշրջանը ավարտվել էր, բայց ընդհանուր մոտեցումը հենց դրան է բխում, որ ավելի լավ է մշտական լինի, քան, ասենք, մենք կոնկրետ փաստի վրա հիմնված ստեղծենք այդ հանձնաժողովը, և գուցե, այո, այդ դեպքում ընկալվի որպես քաղաքական հետապնդում։ Դրա համար նպատակահարմար ենք գտնում՝ թող ինքը մշտապես գործող լինի, թող ռոտացիոն կարգով, օրինակ, վեց ամիս հետո լինի նույն ընդդիմության ներկայացուցիչը այդ հանձնաժողովի նախագահը և հենց ինքն էլ քննի իր պատգամավորի վարքագիծը»։

Նախկին լրագրողն ասաց՝ այժմ աշխատում է էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի վրա, որն աշնանը կդնի շրջանառության մեջ: ԱԺ կանոնակարգում փոփոխությամբ, թե խորհրդարանի որոշմամբ կլինի, կարծում է, այդ հանձնաժողովը պետք է գործի նախկին օրինակով՝ ամեն նստաշրջանի բացմանը ստեղծվի և ամեն անգամ փոփոխվեն թե՛ հանձնաժողովի նախագահը, թե՛ անդամները։

«Առավելագույնը, որ կարող ենք այդտեղ անել, պարզապես խորհրդարանին տալ մեր եզրակացությունը տվյալ պատգամավորի վերաբերյալ, բայց կարծում եմ՝ սա պագամավորներին զսպելու որոշակի լավ միջոց է», - ընդգծեց Գաբրիելյանը։

Կոնկրետ Ծառուկյանի դեպքում, Գաբրիելյանը կարծում է, լավագույն լուծումը ներողություն խնդրելն է:

«Կհանդիպեմ և կներկայացնեմ ստեղծված իրավիճակը։ Միգուցե իսկապես ինքը չի հասկանում, որ էդ իր խոսքերի մեջ, էդ տոնայնության մեջ վիրավորական որոշակի էլեմենտներ կան: Կփորձեմ ներկայացնել և լիահույս եմ, որ կկարողանամ հասկացնել իրեն, որ էդտեղ իսկապես կա էթիկայի նորմերի խախտում։ Կարծում եմ՝ կհաջողվի ինձ նրանից կորզել այդ ներողությունը լրագրողներից», - ասաց պատգամավորը։

Եթե չխնդրի, պատգամավորը կարծում է, ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովը պետք է անդրադառնա այդ հարցին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իրավճակին շարունակելու են հետևել։

«Եթե Ազգային ժողովում այդպիսի նախաձեռնություն չեղավ, ուրեմն արդեն պետք է նախաձեռնություններ ցուցաբերեն հենց իրենք՝ լարգրողները։ Մենք դրա մասին կմտածենք, հենց որ աշնանային նստաշրջանը սկսվի», - ասաց Մելիքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG