Մատչելիության հղումներ

«Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի». Ծառուկյանը՝ լրագրողին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան, 19-ը մայիսի, 2019 թ.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, վկայի կարգավիճակ ունեցող Ծառուկյանը հարցաքննության էր կանչվել երեկ՝ հունիսի 18-ին՝ 6։30-ին, սակայն այդպես էլ չի ներկայացել:

Հիշեցնենք՝ առաջին անգամ կոմիտեն հարցաքննության մասին ծանուցումն ուղարկել էր Ծառուկյանի գրանցման հասցե, ըստ Կոմիտեի, ԲՀԿ ղեկավարը պատռել էր ծանուցումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմնի նկատմամբ: 2-րդ անգամ ծանուցումը ուղարկվել էր խորհրդարան, սակայն այս մի հրավերը նույնպես Ծառուկյանն անպատասխան է թողել:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ Ծառուկյանը նախաքննական մարմնին չի տեղեկացրել հարցաքննությանը չներկայանալու պատճառները։ Հարցին, թե արդյո՞ք կոմիտեն կարող է այս ամենից հետո Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել, Հարությունյանն ասաց, որ կոմիտեն նման իրավասություն ունի:

«Ազատության» հարցին՝ որո՞նք են լինելու Քննչական կոմիտեի գործողությունները, իրավասություն կա՞ պատգամավորին բերման ենթարկելու, օրենքով դա թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ, Հարությունյանը պատասխանեց. - «Քննչական կոմիտեն իր գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։ Չեմ ուզում այս պահին շտապել, հայտնել՝ պարոն Ծառուկյանին բերման ենթարկելու է նախաքննական մարմինը, թե ոչ, բայց ուզում եմ նշել, որ օրենքին չի էլ հակասում»։

Ճշտող հարցին՝ այսինքն կարո՞ղ են բերման ենթարկել Ծառուկյանին, պատասխանեց. «Այո»:

Այսօր «Ազատությունը» հարց ուղղեց Ծառուկյանին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ Քննչական կոմիտե չներկայանալով, ի վերջո կարող է բերման ենթարկվել: Ի պատասխան խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վիրավորական հայտարարություններ արեց:

«Դատարկ-դատարկ խոսում եք։ Ես նորից եմ ասում, որ մամուլի խոսնակը իրավունք չունի քննիչի տեղը խոսելու։ Ռեալ բանից խոսացեք», - նշեց Ծառուկյանը։

Հարցին էլ՝ օրենքին ենթարկվելը դատարկությո՞ւն է, արձագանքեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի։ Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է»։

Ծառուկյանը թեև չի ներկայանում հարցաքննության, սակայն պնդում է՝ հարգում է օրենքը: ԲՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց՝ Աբովյանում քաղաքապետի իշխանական թեկնածուի շտաբի ղեկավարի մեքենան այրելու գործը սարքված է: Նկատենք՝ Ծառուկյանն, ըստ էության, հարցաքննության է կանչվում հենց գործը սարքված լինելու մասին ավելի վաղ արած հայտարարության համար:

«Ես ասում եմ՝ ես ուղարկել եմ փաստաբանին։ Մինչև Ազգայի ժողով թուղթ ուղարկելը մենք արդեն դրա պատասխանը փակել ենք։ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ գործով զբաղվեք ժողովուրդ ջան։ Ծառուկյանը ասում ա՝ հարգում եմ օրենքը, բոլորը պարտավոր ենք օրենքի առաջ։ Ծառուկյանի օբյեկտները առավոտից իրիկուն ստուգում են, եթե դրա կարիքը լիներ դրա կարիքը լիներ, որ Ծառուկյանի անրաժեշտությունը լիներ, հիմա հազար հոգի ուղարկել էին Ծառուկյանին արդեն տարել էին։ Շոու է սարքած, Ծառուկյանը ի՞նչ կապ ունի դրա հետ, Ծառուկյանն ասել ա՝ իմ կարծիքն է, որ սարքած ա, այսօր էլ եմ ասում, այո, եթե դա չբացահայտվեց, դա սարքած գործ է, որ ինչ-որ ստվեր գցեն ընտրությունների վրա։ Ո՞նց կարայի ես պետք լիներ չգնայի, դուք ո՞նց եք պատկերացնում», - նշեց Ծառուկյանը։

Թեև Քննչական կոմիտեն պնդում է, որ Ծառուկյանին բերման ենթարկելու իրավունք ունի, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հակադարձում է՝ միանշանակ նման պնդում անել չի կարելի, քանի որ բերման ենթարկելը իր մեջ ազատությունից զրկելու տարրեր է պարունակում: Մինչդեռ պատգամավորին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:

«Բերման ենթարկելը պարունակում է ազատությունից զրկելու տարրեր, որովհետև ոչ մեկին ասենք ծափողջուններով բերման չեն ենթարկում չէ՞ կամ ասենք, տրամադրություն բարձրացնող երաժշտության ուղեկցությամբ։ Մարդուն բերման են ենթարկում իր կամքին հակառակ, այսինքն, բնական է, այստեղ ենթադրվում է նաև ֆիզիկական ներգործություն։ Էս իմաստով դեռ խնդիր կա Սահմանադրության՝ արդյո՞ք բերման ենթարկել կարելի է պատգամավորին։ Այլ է խնդիրը, եթե պատգամավորը, ասենք, հանցագործության կատարման պահին բռնվում է հենց դեպքի վայրում, սրանք բոլորովին ուրիշ են։ Միանշանակ դիրքորոշում չկա, որովհետև բերման ենթարկելը հարկադրանք պարունակող միջոցառում է», - ընդգծեց Պետրոսյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը որպես վկա չի գնում և ասում այն ամենը, ինչի մասին Պետրոսյանն է նաև ասում, պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի գործունեության ամբողջ համակցությունը մի կողմ, որ քաղաքացիների համար հեչ օրինակ չի ծառայում, ընդամենը էս հանգամանքներում, նորից եմ կրկնում, ելնելով նրանից, որ ինքը ընդամենը կարծիք է արտահայտել, դրանո՞վ է հասարակությունը գնահատելու Ծառուկյանի վարքագիծը։ Դրանից պե՞տք է բխեցնել Ծառուկյանի գործունեության գնահատականները, միայն դրանո՞վ է չափվում իրա նշանակությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG