Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թրամփը կարող է հրաժարվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց կամ հետաձգել դրանք


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը լրագրողներին ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը գնելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց կամ հետաձգել դրանք և ստեղծված վիճաբանությունում գտնել «ոսկե միջինը»:

Haberturk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է ամերիկյան դաշնային մի օրենքի կիրառումից հրաժարվելու կամ հետաձգելու մասին, որը կոչվում է «Պատժամիջոցների ակտի միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենք»: Դաշնային այդ օրենքով պատժամիջոցներ են սահմանված Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հանդեպ: Թուրքիան կարող է համալրել այդ երկրների շարքը:

Աշխարհի զարգացած 20 երկրների առաջնորդների՝ Ճապոնիայում վերջերս կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ-որ չափով մեղմ էր խոսել ռուս-թուրքական գործարքի մասին՝ ասելով, թե Անկարան S-400 համակարգերը Մոսկվայից գնում է, որովհետև Միացյալ Նահանգների նախկին վարչակազմը հրաժարվել էր Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot հրթիռները:

«Հիմա չեմ կարծում, թե Թրամփը նույն կարծիքին է, ինչ նա ասաց ամբողջ աշխարհի մամուլի առաջ», - երեկ ասել է Ռեջեփ Էրդողանը:

Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, երեկ գրել էր, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի: Ըստ հրապարակման՝ Թրամփի խորհրդականները պատժամիջոցների երեք տարբերակ են մշակել և սպասում են նախագահի հաստատմանը: Դեռևս պարզ չէ, թե տարբերակներից որը կընտրվի:

Հուլիսի 12-ից սկսած Թուրքիան ստանում է S-400 հրթիռային համակարգերի մասերը: Անկարայի մոտ գտնվող ավիաբազայում երեկ վայրէջք կատարեց առաջին խմբաքանակի մատակարարումներն իրականացնող արդեն յոթերորդ օդանավը: Երեք օր անընդմեջ օդանավերը Թուրքիա են բերում S-400 հրթիռային համակարգերը:

Անկարայի դեմ պատժամիջոցների սպառնալիքներից բացի, վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաները հնարավոր են համարել Թուրքիայի հետ F-35 ռազմական օդանավերի գործարքի չեղարկումը: Թուրքիան չի կարող մասնակցել F-35-ի արտադրական պրոցեսներին, ինչպես նաև Թուրքիային չեն վաճառվի այդ օդանավերը՝ չնայած պատվերին:

Էրդողանն ասել է, թե Թուրքիան ավելի քան 100 F-35 է պատվիրել, և հույս է հայտնել, որ Վաշինգտոնը պատվերը չի խզի:

Պենտագոնը հայտարարել էր, որ S-400 համակարգերը սպառնալիք են օդանավերի համար, եթե երկուսն էլ լինեն նույն տարածաշրջանում:

Խնդիրը պարզունակ չէ, որ, ասենք, ռուսական հրթիռը կարող է խոցել ամերիկյան օդանավը: Բայց ռուսական համակարգը կարող է կարդալ ամերիկյան օդանավի գաղտնիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG