Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից


Մոտ 20 օր առաջ «Ազատության» թղթակցի՝ Քննչական կոմիտե հարցաքննության չներկայանալու, օրենքին ենթարկվելու մասին հարցերին ի պատասխան Ծառուկյանը անցել էր վիրավորանքների։

Լրագրողական մոտ մեկ տասնյակ կազմակերպություններ Ծառուկյանի արտահայտությունները անվայելուչ էին որակել, նկատել, որ մեկ ամսվա ընթացքում չորրորդ է անգամ է վիրավորում լրագրողներին:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարից պահանջել էին ներողություն խնդրել, Ազգային ժողովի ղեկավարությունից էլ՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծն ու գնահատական տալ դրան:

«Պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել» հարցը Ծառուկյանի ծիծաղը շարժեց․ - «Դուք հասկանո՞ւմ եք ինչ հարց եք տալիս Ծառուկյանին: Թող իրենք պահանջեն իրենց լրագրողներից իրենց պահվածքը Ծառուկյանի հանդեպ: Կարող եք բոլոր տեսաժապավենները նայեք: Ծառուկյանը երբեք բացի ջերմ, քաղցր վերաբերմունքից․․․ Բայց եթե լրագրողները թույլ են տալիս այնպիսի բաներ, որ սազական չի, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»:

«Ազատության» դիտարկմանը, թե լրագրողը ընդամենը հարց է տվել, ԲՀԿ ղեկավարն արձագանքեց․ - «Բայց ի՞նչ հարց էր: Էսօր բոլոր հանրությունն էլ, ժողովուրդն էլ դա զգում ա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք: Ես ձեր սաղի ցավը տանեմ, եթե դուք ինձ հարց տաք, հարցին ես ձեզ կպատասխանեմ: Հիմա ասեմ, կասեք՝ Ծառուկյանը էլի լրագրողներին վիրավորում ա: Ես ոչ մեկիդ չեմ ցանկանում վիրավորել: Բայց նույն հարցը հիմա մեկը ասեց, երկրորդ, երրորդ, չորրորդ․․․ Ամբողջ էս մի տարին Ծառուկյանը գալիս ա, երեք հարց ունեք անգիր արած, ուրիշ բաներ չեք ասում: Բայց դուք գիտեք մարդ ա, կարող ա հունից հելնի: Բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, հետո նայում եմ, թե ինձ ոնց եմ կարողանում զսպել»:

Ծառուկյանի այսօրվա գնահատականների մասին ֆեյսբուքյան գրառում է առել վերհիշյալ հայտարարությունը ստորագրած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: Նկատելով, որ Ծառուկյանը չի ընդունում իր սխալը՝ Մելիքյանը նախկին լրագրող պատգամավորներին է կոչ էր արել խորհրդարանում պաշտոնապես քննարկել խնդիրը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից: Մելիքյանի առաջարկին պատգամավորները դեռ հստակ պատասխան չեն տվել:

ԲՀԿ-ի ղեկավարը ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում

«Ոչ մի բան էլ չենք նկատում, ոչ մի բան էլ չկա: Մարդիկ պետք է չքնեն-հելնեն ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի, մի հատ միտք ասի, ու ամբողջ բանը էդ ուղղությամբ գնա», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գործող կարգով պայմանավորված Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող ու դրանից դուրս գալու ելքեր առաջարկող ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին մոտ երկու շաբաթ անց հասցեատերերը՝ Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությանն ու Դատավորների ընդհանուր ժողովը դեռեւս պաշտոնապես չեն արձագանքել։

Գրիգորյանի տեսակետը թե՛ կիսողներ, թե՛ քննադատողներ կան: Գրիգորյանը երեք տարբերակ էր ներկայացրել՝ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 (նրա կարծիքով) թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածություններ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր ՍԴ անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի:

«Գրիգորյանի նամակին կլինի արձագանք, բայց այս պահին լուծում չունենք», - հայտարարեց Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: - «Վարչությունը այս պահին չունի որոշում, թե մենք ինչ ճանապարհային քարտեզով ենք շարժվելու՝ գնալու ենք կոնսուլտացիաների ճանապարհով թե այլ ճանապարհով: Մենք ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում որևէ լուծումներով և առաջարկներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունենք Վահե Գրիգորյանի առաջարկը, և չեմ բացառում նաև, որ մենք ինքներս լուծման մեր տարբերակով հանդես կգանք: Ես ոչինչ չեմ բացառում: Այս պահին ուղղակի ուզում եմ ասել, որ խմբակցությունը չունի ձևակերպված դիրքորոշում, թե մենք ինչպես ենք շարժվելու առաջ»:

Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց

«Ազատության» դիտարկմանը, թե իրենց խմբակցությունից կարծիքներ են հնչում, որ Վահե Գրիգորյանը ճիշտ է, ճգնաժամ կա, և հարցին, թե արդյոք կա խմբակցության միասնական դիրքորոշում, Մակունցն արձագանքեց․ - «Պատգամավորներն ազատ են իրենց մտքի և խղճի թելադրանքով իրենց կարծիքը ներկայացնել, բայց այս պահին խմբակցությունը չունի հստակ դիրքորոշում»:
Ինքը Մակունցն ՍԴ-ի շուրջ խնդիր տեսնում է և գտնում է, որ իրավիճակից պետք է շուտափույթ լուծում գտնել։ Այնուհանդերձ, ձեռնպահ մնաց պատախանել հարցին, թե իր կարծիքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պե՞տք է հրաժարական տա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG