Մատչելիության հղումներ

Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները


Իրան - Բուշերի ատոմակայանի ռեակտորը, արխիվ

Կիրակի օրը Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները: Այսօր առավոտյան արդեն, ըստ երկրի իշխանությունների, իսլամական հանրապետությունը կհատի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված 3.67 տոկոսի հարստացման առավելագույն շեմը:

Միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:

«Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազեցմանն ուղղված մեր երկրորդ քայլի պատճառը մեկն է` Եվրոպան և համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չկարողացան որևէ արժեքավոր քայլի դիմել, որ հնարավորություն կտար երաշխավորել Իրանի կողմից ստացվող եկամուտները, մասնավորաբար՝ նավթի վաճառքի արդյունքում ստացվող ֆինանսական մուտքերը», - հայտարարում էր Իրանի արտաքին գործերի փոխնախարարը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից իր երկրի հրաժարման մասին հայտարարեց 2018-ի մայիսին: Վերջին մեկ տարում Վաշինգտոնը աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ` մի շարք երկրների ստիպելով հրաժարվել իսլամական հանրապետությունում արդյունահանված նավթի ձեռքբերումից: Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների արդյունքում իրանական բանկերը մեկուսացվեցին միջազգային ֆինանսական կառույցներից:

ԵՄ առաջատար պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ամիսներ շարունակ բանակցում էին` փորձելով ամերիկյան պատժամիջոցները շրջանցող և Իրանի հետ առևտրի բնականոն շարունակությունն ապահովող մեխանիզմ ստեղծել: INSTEX կոչվող այդ կառուցը ի վերջոս տեղծվեց, սակայն իրանցիների համոզմամբ այդպես էլ չկարողացավ ծառայել իր հիմնական նպատակին:

«Բանակցությունների և դիվանագիտության ճանապարհը բաց է: Կարևոր է սակայն, որպեսզի մենք կարողանանք այնպիսի նորարարական լուծումներ գտնել, որոնք թույլ կտան բավարարել մեր պահանջները` նախևառաջ բանկային և նավթի [վաճառքի] բնագավառներում: Մենք պատրաստ ենք բանակցել 4+1 ձևաչափում: Եթե Ամերիկան նույնպես ցանկանում է այդ բանակցություններին մաս կազմել` մենք դեմ չենք, բայց մի պայմանով` մինչ այդ Միացյալ Նահանգները պետք է վերացնի մեր դեմ սահմանված պատժամիջոցները», - հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Իրանցի դիվանագետի խոսքով, ի դեպ, Թեհրանը 2015-ին կնքված համաձայնագրի դրույթներից աստիճանաբար է հրաժարվելու` 60 օրը մեկ նոր մի քայլի դիմելով: Չնայած դրան՝ Իրանի իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունների գլխավոր նպատակը միջուկային համաձայնագրի փրկությունն է:

«Մենք ցանկացած գնով կշարունակենք հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին: Եթե մենք ավելացրել ենք ուրանի հարստացման ծավալները, ապա դրա միակ նպատակը համաձայնագրի փրկությունն է: Դա է մեր կառավարության նպատակը», - հայտարարում էր Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG