Մատչելիության հղումներ

Հայ-վիետնամական բանակցությունների արդյունքները նկատելի կլինեն հոկտեմբերին և դրանից հետո․ քաղաքագետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելում է Վիետնամ, Հանոյ, 4-ը հուլիսի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելում է Վիետնամ, Հանոյ, 4-ը հուլիսի, 2019թ․

Հայաստան-Վիետնամ բանակցությունների արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, հստակ արդյունքները նկատելի կլինեն ավելի ուշ՝ հոկտեմբերին Երևանում սպասվող հայ-վիետնամական գործարար համաժողովին, կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Սա կարծում եմ առայժմ ընդամենը ազդակ էր, քաղաքական կամքի առկայության ցուցադրում, որից հետո կոնկրետ արդյունքները կերևան կամ չեն երևա, հուսով եմ, որ կերևան, որովհետև պոտենցիալ կա։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ամեն ինչ անում է արդյունքներ ապահովելու համար, նախադրյալները քաղաքական ստեղծվում են, տնտեսական ավելի կոնկրետ արդյունքները, այո, կլինեն միայն հոկտեմբերին և դրանից հետո արդեն ավելի կոնկրետ բիզնես շրջանակների գործնական հանդիպումներից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Վիետնամի վարչապետն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հայաստանի վարչապետն էլ ընդգծել է․ - «Մեր երկրների միջև առկա հեռավորությունն ամենևին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»։

Հայաստանի համար կարևոր է արտաքին քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնելը և նոր ուղղություններով զարգանալը, կարծում է Արմեն Բաղդասարյանը:

«Վիետնամը արագ զարգացող երկրներից մեկն է և մեզ համար պոտենցիալ կարող է շատ լավ շուկա լինել, որովհետև, ցավոք սրտի, Եվրոպայում մենք էնքան էլ մրցունակ չենք, մինչդեռ այդ նոր զարգացող շուկաներում կարող ենք մրցունակ արտադրանք արտահանել։ Սա՝ մեկ: Երկրորդն էլ՝ վարչապետն էլ իր ելույթում հատկապես շեշտեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Վիետնամի և ԵԱՏՄ երկրների միջև հարաբերություններում, և քանի որ դա հատուկ շեշտվեց, կարծում եմ՝ նաև էդպիսի խնդիր կա, որովհետև Հայաստանը մի շարք առավելություններ ունի որպես ԵԱՏՄ անդամ երկիր և ոչ միայն Վիետնամի, այլև ընդհանրապես այդ տարածաշրջանի երկրների համար հետաքրքրություն է առաջացնում», - ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, նույնպես կարևորելով այդ տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը, ասաց. - «Հաշվի առնելով հեռավորասիական այդ ռեգիոնում տնտեսական զարգացման տեմպերը, և այստեղ Հայաստանի համար կարող է լինել շատ կարևոր տնտեսական ուղղություն: Այս իմաստով, ես կարծում եմ, ոչ միայն Չինաստանը պետք է լինի Հայաստանի ուշադրության առարկան, այլ նաև այլ երկրներ, այդ թվում՝ Վիետնամը։ Ի վերջո, Վիետնամը բավական տնտեսական զարգացման ճանապարհ անցած երկիր է, եթե հաշվի առնենք, որ այդ երկիրը պերմանենտ պատերազմական, բախումնային շրջափուլով անցած է և հետո եկել է ի վերջո որոշակի տնտեսական զարգացման մի կայուն փուլ: Եվ այս իմաստով, կարծում եմ, Վիետնամը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարևոր թե՛ գործընկեր, թե՛ նաև դիտարկման առարկա՝ նկատի առնելով նաև, որ այդ երկիրը այդ կոնֆլիկտային մեծ փուլերից անցնելուց հետո ի վերջո կարողացել է նաև հակադիր ուժային կենտրոնների հետ հարաբերություն հաստատել և կայունացնել․ խոսքը վերաբերում է Չինաստանին, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին․․․»:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, նախորդ օրերին էլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԵԱՏՄ մյուս բոլոր երկրների նախագահների հետ։

Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը նշել է, որ բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկել են նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր: Բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին։

Հակոբ Բադալյանը կարծում է՝ Վիետնամ և Սինգապուր պաշտոնական այցերից առաջ Փաշինյանը այս հեռախոսազանգերի միջոցով նաև փորձել է որոշակի հարցերի շրջանակ համակարգել:

«Պետք է ուշադրություն դարձնենք, որ այդ զրույցների մասին հաղորդագրություններում նշվում էր նաև Եվրասիական միության արտաքին կապերի հետ կապված հարցերի քննարկումը: Էստեղ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը ներկայումս ԵՏՄ [ԵԱՏՄ] նախագահող երկիր է, և բացի դրանից՝ Եվրասիական միությունն էլ փորձում է արտաքին նոր գործընկերներ գտնել, որոնց հետ ազատ առևտրային ռեժիմներ կհաստատի։ Վիետնամը, եթե չեմ սխալվում, նույնիսկ ունի արդեն ԵՏՄ-ի հետ այդպիսի պայմանագիր, և կարծում եմ՝ Փաշինյանը իր Վիետնամ և Սինգապուր այցերից առաջ փորձել է կոորդինացնել նաև որոշակի հարցերի շրջանակ, ճշտել որոշակի սլաքներ ԵՏՄ մյուս ղեկավարների հետ՝ Վիետնամում և Սինգապուրում արդեն ոչ միայն Հայաստանի ղեկավար ներկայանալու և ոչ միայն այդ շրջանակի հարցեր քննարկելու, այլ նաև Եվրասիական ընդհանուր տնտեսական միության հետ կապված հարցեր քննարկելու համար, եթե հաշվի առնենք նաև, որ Սինգապուրն էլ ԵՏՄ արտաքին կապերի ուշադրության շրջանակում է», - շեշտեց քաղաքական մեկնաբանը:

XS
SM
MD
LG