Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիետնամ


Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ, վարչապետի օդանավը երեկ ուշ երեկոյան վայրէջք կատարեց մայրաքաղաք Հանոյում:

Այսօր առավոտից Փաշինանը մասնակցում է արարողակարգային միջոցառումների, նախ ծաղկեպսակ դրեց Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելեց Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարան, Գրականության տաճար, շրջեց մշակութային այս համալիրի տարածքում:

Պաշտոնական հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 13։00-ին։ Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդները ընդլայնված կազմով բանակցություններ կվարեն, ապա Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:

Բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրելու են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:

Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:

Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:

Անկախության շրջանում Հայաստանի ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանն է այցելել Վիետնամ` 2012 թվականին:

Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ:

Հայաստանի առևտրաշրջանառությունն ասիական սոցիալիստական այս պետության հետ վերջին տարիներին աճում է, անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք:

Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Հանոյում Հայաստանի դեսպանատուն, այստեղ վարչապետին սպասելու են խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները, որոնք հիմնել են «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» անվանումով կազմակերպություն:

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասիական տարածաշրջանում արդեն հասցրել է լինել, անցած ամիս Հայաստանի ղեկավարը պաշտոնական այցով Չինաստանում էր:

Այստեղից՝ Վիետնամից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Սինգապուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG