Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ


Ըստ նախագահի հուլիսի 3-ի հրամանագրերի, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա­­յու­թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա­ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ, ար­դարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, Քննչական կոմիտեի նախագահ, արդա­րա­դատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, գլխավոր դատախազ, արդարադա­տու­թյան առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին շնորհվել են բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու կապակցությամբ:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:

Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:

Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG