Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հերթական զգուշացումն է ուղղում Իրանի իշխանություններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Սպառնալիքների հարցում Իրանը պետք է փոքր-ինչ զգույշ լինի: Դրանք կարող են վերադառնալ և հարվածել աննախադեպ ուժգնությամբ»․ - անցած գիշեր Twitter-ում արված գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական զգուշացումն ուղղեց Թեհրանին` կոչ անելով զերծ մնալ իրանական միջուկային ծրագրի վերակենդանացման փորձերից:

Թրամփի այս գրառումը պատասխանն էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` նախօրեին կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարություններին, որոնցից պարզ դարձավ, որ Թեհրանը ավելի ու ավելի է մոտենում 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից վերջնական հրաժարմանը:

«Հուլիսի 7-ին մենք հաջորդ քայլն ենք անելու: Այդ օրվանից ուրանի հարստացումը այլևս չի մնա 3.67 տոկոս մակարդակի վրա: Մենք այդ ցուցանիշը կավելացնենք` հասցնելով այն մակարդակին, որն անհրաժեշտ և էական կհամարենք», - հայտարարում էր Ռոհանին՝ դիմելով նախևառաջ համաձայնագիրը կնքած ԵՄ պետություններին:

«Եթե դուք չեք կատարում համաձայնագրով ստանձնած ձեր իսկ պարտավորությունները և խախտում եք համաձայնեցված ժամանակացույցը, ապա հուլիսի 7-ից սկսած Արաքի միջուկային ռեակտորը կվերադառնա նախկինում իրականացրած գործառույթներին», - ասում էր Ռոհանին:

Արաքի միջուկային ռեակտորը Արևմուտքի համար առանցքային կարևորություն ունի, և դրա աշխատանքի դադարեցումը այն կարևորագույն զիջումներից էր, որոնց գնաց Իրանը միջազգային հանրության հետ բանակցությունների ընթացքում: Թեև Իրանը հայտարարում է, որ Արաքի ռեակտորը բացառապես գիտահետազոտական նպատակներով էր օգտագործվում, այնուհանդերձ, Արևմուտքում պնդում են, որ բավարար քանակով վառելիքի առկայության դեպքում այստեղ հնարավոր է նաև միջուկային զենքի արտադրություն սկսել:

Իրանի նախագահի խոսքով, սակայն, Արաքի ռեակտորի գործարկման նպատակը իրականում ոչ թե միջուկային համաձայնագրի վերջնական տապալումն է, այլ հակառակը` փաստաթղթի փրկությունը:

«Եթե մենք այսօր հայտարարում ենք, որ հարստացված ուրանի պաշարներն ավելացնում ենք` հատելով 300 կիլոգրամի վերին շեմը, ապա այդ քայլին դիմում ենք համաձայնագիրը փրկելու ցանկությունից դրդված: Այն պահին, երբ եվրոպացիները վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը, մենք էլ կվերադառնանք հարստացված ուրանի պաշարների նախկին մակարդակին», - վստահեցնում էր Իրանի նախագահը:

Եվրամիությանն ուղղված Թեհրանի հիմնական պահանջը մեկն է` այնպիսի գործուն մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտա արդյունավետորեն շրջանցել Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները: Իրանի իշխանությունները նախևառաջ ցանկանում են երկրում արդյունահանված նավթի` միջազգային շուկայում վաճառքի հստակ երաշխիքներ ստանալ:

«Հարցը հետևյալն է` արդյոք միջուկային համաձայնագիրը լա՞վն է, թե՞ վատը: Եթե այն լավն է, ուրեմն բոլոր կողմերը պետք է կատարեն դրա պահանջները նույն չափով: Այսօր ոմանք պնդում են, թե Իրանը համաձայնագրի պահանջների կատարման մակարդակը նվազեցրել է մինչև 98 տոկոսի: Բայց մյուսները այդ պարտավորությունները անգամ 10 տոկոսով չեն կատարում», - վրդովմունքը չէր թաքցնում Իրանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG