Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ «Քրեական էլեմենտների մշակույթը պետք է վերացնել մեր առօրյայից»


Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի մարզերից մեկում, հունիս, 2019թ․
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի մարզերից մեկում, հունիս, 2019թ․

Ցանկացած իրավական պետությունում քրեական գործառույթները, քրեական էլեմենտները տեղ պիտի չունենան՝ դա պարզ տրամաբանությունն է հուշում, որովհետև կա օրենք, չի կարող լինել օրենքից բարձր կամ օրենքից դուրս որևէ մեկը կամ որևէ մշակույթ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Վերջին շրջանում նկատելի են քրեական աշխարհի դեմ Հայաստանի իշխանությունների հետևողական քայլերը: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ պատրաստ է ու կառավարություն է ներկայացվել քրեական միջավայր ստեղծելը, դրանում ներգրավվելն ու դրան հարելը քրեականացնող օրինագիծը: Ոստիկանությունը, իր հերթին, շարունակ հաղորդում է քրեական տարրերի բերման ենթարկելու մասին:

«Այն, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ ներդաշնակ են եղել և համագործակցել են քրեական էլեմենտների հետ, դա էլ էր ակնհայտ: Այն, որ էդ մշակույթը մինչև անգամ փորձում էին բերել պառլամենտ, դա էլ էր փաստ, որովհետև կային ակնհայտորեն մարդիկ նախորդ պառլամենտում, ովքեր որ էդ քրեական մշակույթի և՛ կրողն էին, և՛ կարկառուն դեմքերն էին: Այնպես որ, սա պիտի արվեր վաղուց, բայց հնարավորություն չկար, որովհետև այդ անձինք, ցավոք սրտի, շատ մեծ դեր ունեին, մեծ դեր էր տրվում, և իրենց միջոցով նաև հարցեր էին լուծվում, այդ թվում նաև ընտրություններ հարցերին էին լուծվում, նաև քաղաքական հարցեր էին լուծվում՝ քաղաքական գործիչների վրա ճնշումներ էին փորձում գործադրել, թաղային խուժանների ու այսպես կոչված «ավտարիտետների» ուժերով փորձում էին ընտրությունների վրա ազդեցություն ունենալ», - ասաց Կարապետյանցը՝ ընդգծելով․ - «Հիմա շատ նորմալ, ադեկվատ վիճակ է, այդ հարցերին պետք է լուծում տալ, այդ քրեական էլեմենտների մշակույթը պետք է վերացնել մեր առօրյայից: Հիմա բնականոն ընթացք է, կարծում եմ, որ նորմալ ընթացք է, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, եթե չկա, իհարկե, իրավունքների կոպիտ խախտում: Եթե խախտումներ չկան, խնդիր չեմ տեսնում»:

Այդ քայլերի արդյունավետությունը, ասաց Կարապետյանցը, ինքը կարող է գնահատել միայն այն ժամանակ, երբ հասկանա, թե ինչ ընթացակարգեր, չափորոշիչներ են մշակվել: «Որովհետև ինձ համար անձնապես, օրինակ, հասկանալի չէ, թե ոնց են հասկանալու՝ ով է հարում, ով չի հարում: Այնքան է ներգրավված այդ մշակույթը մեր առօրյայի մեջ, չեմ ասում բոլորիս առօրյայի մեջ, բայց շատերի առօրյայի մեջ՝ խոսակցական վարվելակերպից մինչև առանձին ոլորտային հարցեր, որ ես անձնապես, ազնվորեն, չեմ կարողանում պատկերացնել՝ ոնց են առանձնացնելու, ոնց են որոշելու՝ այ սա հարել է նշանակում, սա հարել չի նշանակում: Ես կսպասեմ մինչև գնահատական տալը վերջնական չափորոշիչներին՝ ինչպես է դա լուծվելու, ուր արդեն հնարավոր կլինի հասկանալ՝ ինչքանով դա արդյունավետ կլինի: Բայց որ դրա կարիքը կա, դա միանշանակ է, որովհետև քրեակատարողական հիմնարկներից սկսած մինչև առօրյա կյանք, այդ թվում նաև՝ իշխանություն, ցավոք սրտի, այդ միջավայրը ներթափանցել է նաև կառավարման մարմիններ», - հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարը՝ հիշեցնելով, թե «նախկինում ինչպես էին պահում իրենց, մինչև անգամ նախարարներ կային, ովքեր էդ մշակույթի էլեմենտներով իրենց թույլ էին տալիս լրագրողների հետ խոսել՝ էդ ժարգոնով, էդ պահվածքով, էդ ամեն ինչով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG