Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն ուշադրության տակ է պահում քրեական հեղինակություններին և օրենքով գողերին


Վերջին օրերին ոստիկանությունն առանձնահատուկ ուշադրության տակ է պահում, այսպես կոչված, քրեական հեղինակություններին։

Ուժեղացված ծառայության շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քրեական հեղինակությունների: Մասնավորապես, Շիրակի մարզում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու, կամ դիմադրություն ցույց տալու համար, բաժիններ են բերման ենթարկվել 10-ից ավելի քրեական հեղինակություն, այդ թվում՝ մեկ օրենքով գող:

Ստուգումներ են իրականացվել քրեական հեղինակությունների 14 բնակարաններում։

Արարատի մարզի ոստիկանները ստուգել են մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայր։ Արմավիրի մարզում ևս տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ:

Ըստ ոստիկանության, հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ «տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ»։

Նույնատիպ աշխատանքներ են տարվել Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի բաժիններ բերման ենթարկված քրեական հեղինակությունների հետ։

Ոստիկանական գործողություններից անմասն չեն մնացել նաև Սյունիքում բնակվող քրեական հեղինակությունները:

Երկու օր առաջ էլ Երևանում ոստիկանությունը բերման էր ենթարկել, այսպես կոչված, մի օրենքով գողի, որի անունը, սակայն, չհրապարակվեց:

«Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է»

Թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում ոստիկանության ուշադրությունը քրեական հեղինակությունների և օրենքով գողերի նկատմամբ, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոմանց կանչում են զրույցների՝ կանխարգելիչ նպատակներով, իսկ որոշներին էլ բերման են ենթարկում՝ կոնկրետ հանցագործություններին առնչություն ունենալու կասկածանքով։

Աշոտ Ահարոնյան
Աշոտ Ահարոնյան

«Ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում՝ հանրապետությունում քրեական իրավիճակը հսկելու նպատակով։ Նման միջոցառումներ կատարվել են միշտ, վերջին շրջանում, այո՛, նկատել եք՝ մի քիչ ավելի պարբերաբար, այսպես կոչված, քրեական հեղինակությունները, օրենքով գողերը, երբեմն ոստիկանություն կանչվում են՝ կանխարգելիչ, անհատական զրույցների և օպերատիվ հարցումների նպատակով, իսկ նրանցից ոմանք բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ կոնկրետ հանցագործությանն առնչություն ունենալու կասկածանքով», - ասաց Ահարոնյանը։

Հարցին, թե ոստիկանությունը որոշակի մտավախություններ, անհանգստություներ ունի՞, որ նրանք կարող են նոր հանցագործություններ իրականացնել, և նաև դրանով է պայմանավորված այդ ուշադրությունը, ոստիկանության լրատվության վարչության պետը պատասխանեց. - «Իրավապահ համակարգն իր գործառույթն անում է, իսկ մեր համաքաղաքացիները կարող են հանգիստ լինել՝ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է»։

«Մասիվցի Անդիկ»​-ի սպանության փաստով հարուցվել է քրգործ»

Այսօր արդեն մամուլը գրեց, որ երեկ երեկոյան Երևանում սպանվել է օրենքով գող, 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն, ով հայտնի է «Մասիվցի Անդիկ» կամ «Անդո Խրոմոյ» մականունով:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ արդեն հարուցվել է քրեական գործ, կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքի շրջանում: Ձերբակալվածներ առայժմ չկան:

«Կարևոր է, որ ոստիկանությունը գործի իրավաչափ»

Արձագանքելով վերջին շրջանում քրեական հեղինակությունների և օրենքով գողերի նկատմամբ իրականցվող ոստիկանական գործողություններին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, թե այն, որ քրեական աշխարհի հեղինակությունների դեմ պետք է պայքարել, միանշանակ է, սակայն կարևոր է, որ ոստիկանությունը գործի իրավաչափ և մնա օրենքի շրջանակներում:

Ըստ Սաքունցի, մասսայական բերման ենթարկելու և բնակարանների խուզարկության դեպքերը չեն կարող համարվել իրավաչափ․ - «Այն, որ պետք է քրեական հեղինակությունների և քրեական աշխարհի դեմ պայքարել, դա միանշանակ է: Բայց պայքարը պետք է լինի հիմնավոր»:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Հարցին, թե ինչով է պայմանավորված այդ հարցի նկատմամբ ուշադրությունը կոնկրետ հիմա, Սաքունցն արձագանքեց․ - «Ըստ երևույթին [որոշվել է]առանձին ուսումնասիրել է քրեական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում․ արդյո՞ք կա քրեական հանցագործությունների աճ, և արդյո՞ք իրապես այդ քրեական հանցագործությունների աճը պայմանավորված է կամ դրանում որոշակի դեր ունեն առանձին կոնկրետ անձինք: Ես գտնում եմ, որ իրավապահ մարմինները իրապես պետք է իրենց գործողություններով հասնեն նրան, որ քրեական հեղինակությունները իրենց հանգիստ և հարմար չզգան Հայաստանում: Բայց բոլոր դեպքերում պետք է իրավապահ մարմինների այդ գործողությունները լինեն համապատասխան օրենքի տառին: Չի կարելի օրենքի խախտումներով օրենքի դեմ պայքարել»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք քրեական հեղինակություններին առնչվող նոր ընդունվելիք օրենքը, որն ազատազրկում է նախատեսում քրեական միջավայր ստեղծելու, քրեական միջավայրում ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելու համար, կզսպի այդ երևույթի տարածումը Հայաստանում, իրավապաշտպանն ընդգծեց, որ օրենքն ու ոստիկանության կանխարգելիչ գործղությունները բավարար չեն: Անհրաժեշտ է, որպեսզի փոխվի հասարակության մտածելակերպը, հանրությունն ինքը պետք է անհանդուրժող լինի քրեական աշխարհի , նրա բարքերի հանդեպ:

Սաքունցը բերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օրինակը, որը չի ենթարկվում օրենքին և չի ներկայանում հարցաքննության․ - «Ազգային ժողովի պատգամավորը չի ենթարկվում օրենքին, կամ բոլորովին այլ բառապաշար է օգտագործում՝ քրեական աշխարհին բնորոշ, կամ քննիչի ծանուցագիրը արհամարհում է և այլն, ոստիկանությունը ի՞նչ է անելու էդ դեպքում: Սրանք այն ուղերձներն են, որոնք բավական մեծ նշանակություն են ունենում հենց քրեական աշխարհի ներկայացուցիչների գործողությունների լեգիտիմացման համար: Ուզում են շատ հստակ ասել, որ միայն ոստիկանության ջանքերով խնդիրը չի կարող լուծվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG