Մատչելիության հղումներ

«Երկու կողմերի միջև պահպանվում են բավականին լուրջ տարաձայնություններ». Մամեդյարով


Մնացականյան-Մամեդյարով հանդիպում Վաշինգտոնում, 20 հունիսի, 2019թ.
Մնացականյան-Մամեդյարով հանդիպում Վաշինգտոնում, 20 հունիսի, 2019թ.

Վաշինգտոնում երեկ կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում՝ հումանիտար ոլորտում, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու կողմերի միջև պահպանվում են բավականին լուրջ տարաձայնություններ։ Նրա խոսքով՝ բանակցային սեղանին նույն առաջարկություններն են։

«15 տարի շարունակ մենք տեսնում ենք նույն գաղափարները, խաղաղության նույն պլանը», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։

Մամեդյարովի խոսքով՝ կայացել են բավականին խորը բանակցություններ և բանակցություններն ավելի բովանդակային դարձնելու համար համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել։

«Տարաձայնությունները դետալներում են», - հավելել է Մամեդյարովը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ ամենակարևորը հենց այդ դետալներն են։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, թե անհարժեշտ է դրսևորել էլ ավելի մեծ քաղաքական կամք։

Հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։

«Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից և շփման գծում և միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից», - ասված է Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում։

Համանախագահները տեղեկացնում են, որ նախ առանձին, հետո էլ համատեղ հանդիպում են անցկացրել նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում արտգործնախարարներն ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորություններն ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։

Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթեր»-ում գրել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել էին նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին և իրավիճակին։

BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը վաշինգտոնյան բանակցություններին

Ղարաբաղյան խնդրի շուրջ վաշինգտոնյան բանակցություններին անդրադարձել է նաև BBC-ի ռուսական ծառայությունը։

Ծավալուն հոդվածում նախ նշված է, որ շուրջ երեք ժամ տևած բանակցություններն արդյունքներ չեն տվել, և որ վերջին անգամ ղարաբաղյան բանակցություններ Վաշինգտոնում տեղի են ունեցել տասը տարի առաջ՝ 2009-ին։

Փորձագետների կարծիքով՝ այն, որ բանակցություններն անցել են Վաշինգտոնում, կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է իր դիրքերը տարածաշրջանում։

Հոդվածում անդրադարձ կա նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ թե՛ առանձին հանդիպումներին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, թե՛ անցյալ տարվա այցին Հարավային Կովկաս։

Քարնեգի կենտրոնի գիտաշխատող Փոլ Ստորնսկիի կարծիքով՝ Բոլթոնը կենտրոնացած է Իրանի վրա։ Նրա համոզմամբ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն Իրանի հարցն է քննարկելու, մասնավորապես այդ երկրների տնտեսական կապերն Իրանի հետ։

«Այս հացի շուրջ ավելի կոշտ կլինի քննարկումը Հայաստանի հետ», - ասել է Ստրոնսկին՝ հավելելով, թե բացի այդ Միացյալ Նահանգների նախագահը Ռուսաստանի հետ համագործակցելու ճանապարհներ է փնտրում։

«Լեռնային Ղարաբաղն այն հարցն է, որի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան ավանդաբար արդյունավետ համագործակցում էին։ Թրամփն ուզում է մի լավ բան անել միջազգային ասպարեզում։ Ես ուրախ եմ, որ Թրամփի թիմը սկսել է լուրջ զբաղվել ղարաբաղյան հարցով։ Այս խնդրի շուրջ շատ չեն խոսում, բայց այն կարող է շոշափելի արդյունքներ տալ», - ասել է Քարնեգի կենտրոնի գիտաշխատողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG