Մատչելիության հղումներ

Համանախագահները կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրիչ գործողություններից


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի հովանու ներքո, Վաշինգտոն, 20-ը հունիսի, 2019թ.

Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ կապված հումանիտար և անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։

Մինսկի խումբը վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշում է, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։

«Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից և շփման գծում և միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասված է Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում։

Համանախագահները տեղեկացնում են, որ նախ առանձին, հետո էլ համատեղ հանդիպում են անցկացրել նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Նրանք նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին և տեղում իրավիճակին։

«Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված է հայտարարությունում։

Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում արտգործնախարարները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթերում» գրել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG