Ոստիկանությունը հաղորդում է, որ 46 համարի երթուղայինում ծխող վարորդը հայտնաբերվել է, Ֆեյսբուքում տարածված տեսանյութն՝ ուսումնասիրվել։
Ըստ հաղորդագրության, վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:
«Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ՝ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Ակտիվիստ Անի Խաչատրյանը երեկ Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է 46 համարի երթուղայինի վարորդը հրաժարվում հանգցնել ծխախոտը։ Ուղևորի հիշեցմանը, թե հանրային տրանսպորտում ծխելն արգելված է, վարորդը կոշտ հակադարձում է՝ պահանջելով իջնել երթուղայինից: Վարորդի և Անի Խաչատրյանի միջև վիճաբանություն է սկսվում։
Այսօր Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, «քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից»։